Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը օմբուդսմենին կոչ է անում դիմել Սահմանադրական դատարան


Ընդդիմության ստեղծած մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանրային հանձնախումբը իր փորձագիտական ուսումնասիրության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ Պաշտպանության նախարարությունը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ «Սահմանադրության կոպտագույն խախտմամբ» ներգրավված է եղել իրավապահ մարմինների` ցուցարարների դեմ իրականացված գործողություններում, եւ կոչ է անում Մարդու իրավունքների պաշտպանին այդ հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Մինչդեռ, ըստ Սահմանադրության, երկրի նախագահը զինված ուժերի օգտագործման մասին հրաման կարող է տալ միայն «երկրի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում»:

Ուստի տեղի ունեցածի համար, ըստ հանրային հանձնախմբի, պատասխանատվություն են կրում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանը եւ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը:

Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանրային հանձնախումբը կոչ է անում օմբուդսմեն Արմեն Հարությունյանին` Սահմանադրական դատարանում վիճարկել մարտի 1-ին զինված ուժերի օգտագործման հրամանների սահմանադրականությունը:

Հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր, հիմնավորելով իրենց եզրահանգումները, ներկայացրեց մի շարք տեսանյութեր:

Օրինակ, տեսանյութերից մեկում զինվորականների ներկայությամբ զինվում է քաղաքացիական հագուստով մի անձնավորություն: Հանձնախումբը նշում է, որ Հատուկ քննչական ծառայությունը, այս կապակցությամբ հայտարարելով, թե զինվող անձնավորությունը Պաշտպանության նախարարության վարորդն է, «հաստատել է նախարարության զինված ներկայացուցիչների ներգրավվածությունը մարտի 1-ի իրադարձություններին»:

Բացի այդ, նույն տեսանյութում զինվող երիտասարդի հետեւում կանգնած է հրազենով զինված ստորաբաժանում, որի համազգեստի տարբերանշանները մատնացույց են անում, որ դա պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ստորաբաժանում է:

Ասուլիսում ներկայացվեց նաեւ «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցած մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մարտի 1-ի երեկոյան` ժամը 8-ի սահմաններում, Վանաձորից դեպի Երեւան ուղեւորվում մարտական ծանր զրահատեխնիկա: Ըստ ընդդիմության, մոտակա մարզերը, որտեղից հնարավոր է այդ ճանապարհով բերել «Բե-Էմ-Պե - 1» տեսակի զրահատեխնիկա, Լոռու կամ Տավուշի մարզերն են, ուր տեղակայված է Հայաստանի երկրորդ բանակային կորպուսը: Փորձագետների պնդմամբ, նման տեխնիկա Երեւան հասցնելու համար անհրաժեշտ է առնվազն 8 ժամ, հետեւաբար` զրահամեքենաները սահմանամերձ այդ շրջաններից դուրս են եկել մինչեւ արտակարգ դրության հայտարարումը:

Ասուլիսին ներկա էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով ասաց. - «Այն հանգամանքը, որ բանակի օգտագործումը, զինված ուժերի օգտագործումը մարտի 1-ի հանգամանքներում հակասել է Սահմանադրությանը, եղել է հակասահմանադրական, ապօրինի ակտ ռեժիմի կողմից, մենք հայտարարում ենք, որ մարտի 1-ի իրադարձությունները կարելի է որակել որպես ռազմական, պետական հեղաշրջում»:

Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը տարածել է բավական ծավալուն մի հաղորագրություն` «Պարզաբանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը» վերտառությամբ, որում հակադարձում է ընդդիմադիրների մեկնաբանություններին:

«Զինված ուժերի օգտագործման համար հիմք է ծառայել ՀՀ Նախագահի 2008թ. մարտի 1-ի հրամանագիրը` «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ` համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետերի», - ասված է, մասնավոապես, այդ պարզաբանումներում: - «Վերոնշյալ հրամանագրի 3-րդ կետի համաձայն արտակարգ դրության իրականացման ապահովումը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը եւ պաշտպանության նախարարությանը: Ելնելով վերոնշյալ հրամանագրի 3-րդ կետից, ինչպես նաեւ ըստ ՀՀ ԶՈՒ կայազորային եւ պահակային ծառայության» Կանոնագրքի 17-րդ հոդվածի, Երեւանի կայազորի պետի կողմից մշակված եւ ԶՈՒ ԳՇ պետի կողմից հաստատված արտակարգ դրություն հայտարարելու դեպքերի համար միջոցառումների ծրագրի համաձայն, Երեւանի կայազորի կազմում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումներն ընդգրկվել են պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանության միջոցառումներում»:

«Զինծառայողների կողմից պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանումը եւ պահպանվող օբյեկտի վրա բացահայտ հարձակման դեպքում զենքի կիրառումը նույնպես կանոնակարգվում է վերոնշյալ Կանոնագրքի 120-րդ հոդվածի դրույթների համաձայն: Պետական հատուկ նշանակության օբյեկտները պահպանության տակ վերցնելու նպատակով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների տեղաբաշխումը, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն, սկսվել է ժամը 22:25-ից` «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ ՀՀ Նախագահի հրամանագրի հայտարարումից հետո»:

«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո ստեղծվել է Երեւանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունները համակարգող շտաբ` Երեւանի կայազորի պետի գլխավորությամբ: Գործողություններում ներգրավվել են բացառապես Երեւանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումները, որոնց ցուցակը հաստատում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը` «ՀՀ ԶՈՒ կայազորային եւ պահակային ծառայության» Կանոնագրքի 7-րդ հոդվածի համաձայն: ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումներ չեն օգտագործվել: ՀՀ ԶՈւ զինծառայողները ներգրավվել են պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանության գործընթացում, որը որեւէ հատուկ պատրաստություն չի պահանջում»:

«Երեւանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումներին տրվել է ուժի կիրառումից ձեռնպահ մնալու հրաման: ԶՈՒ ստորաբաժանումները ոչ միայն հրազեն չեն կիրառել, այլեւ չեն իրականացրել հասարակական կարգի վերականգնման որեւէ գործողություն: Այդպիսի գործողություններ իրականացրել են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները, այդ թվում նաեւ ՀՀ ոստիկանության զորքերը: Վերջիններիս անձնակազմը կրում է նույն դաշտային համազգեստը` ինչ ՀՀ զինված ուժերի անձնակազմը: Այդ պատճառով ոմանց մոտ առաջանում է ՀՀ զինված ուժերի` հասարակական կարգի վերականգնման գործողություններին մասնակցելու մասին թյուր կարծիք», - եզրափակում է պարզաբանումները Սեյրան Շահսուվարյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG