Եվրախորհրդի պաշտոնական կայքէջի տեղեկատվության համաձայն, համազեկուցողները շեշտել են, որ Վեհաժողովը բազմիցս կոչ է արել Հայաստանի իշխանություններին` հարգել խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը եւ անհարկի սահմանափակումներ չկիրառել` «հատկապես` ընդդիմության կողմից կազմակերպվող միջոցառումների համար տարածք հատկացնելու հարցում»:
Երեւանի քաղաքապետարանը անցած շաբաթ արգելել է Մատենադարանին հարող տարածքում կամ Հյուսիսային պողոտայում ընդդիմության հանրահավաքի անցկացումը` պատճառաբանելով, թե մարտի 1-ին Մատենադարանում մշակութային միջոցառում է նախատեսված, իսկ Հյուսիսային պողոտայում շինարարական աշխատանքների պատճառով զանգվածային միջոցառման անցկացումը «անվտանգ չէ»:
Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, հայտարարել են, որ հանրահավաքը եւ երթը, այդուհանդերձ, անցկացվելու են: