Մատչելիության հղումներ

Աշխատանքային խումբը քննարկեց Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությունները


Հայաստանի Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակով ձեւավորված Ազգային ժողովի աշխատանքային խումբն այսօր քննարկեց առաջարկությունների վերջնական տարբերակը, որոնք, ամենայն հավանականությամբ, կներկայացվեն պատգամավորներին առաջիկա քառօրյայում:

Քրեական օրենսգրքի 300 հոդվածը` «պետական իշխանությունը յուրացնելը», գործող օրենսդրությամբ հետեւյալ ձեւակերպումն ունի. - «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողություններ»:

Աշխատանքային խմբի ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, 300 հոդվածի առաջարկվող տարբերակում առանձնացվել է իշխանությունը յուրացնելու երկու տարբերակ` իշխանությունը զավթելը եւ իշխանությունը պահելը:

Դավիթ Հարությունյանի մեկնաբանությամբ. - «Իշխանությունը զավթելը, սա այն է, երբ իշխանություն չունեցող անձինք են փորձում տիրանալ սահմանադրական լիազորություններին: Ինչ վերաբերում է իշխանությունը պահելուն, ապա, տվյալ դեպքում` իշխանություն ունեցողը շարունակում է իր լիազորությունները իրականացնել դրանց ժամկետի ավարտից հետո»:

Առանձին հոդվածով առանձին հանցակազմ է նախատեսվում սահամանադրական կարգը տապալել հասկացության համար: Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններն էլ ներկայացվելու են առանձին հոդվածով: Մասնակի փոփոխության է ենթարկվում սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մասին հոդվածը:

Փոփոխություններ են առաջարկվել նաեւ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի` «զանգվածային անկարգությունները», ենթակետերում` բռնություններով, ջարդերով ուղեկցվող զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք զուգորդվել են սպանությամբ: Հոդվածները հստակեցվել են, հանցանքները տարանջատվել:

Ներկայացվող առաջարկները դեռեւս պետք է քննարկվեն հայաստանյան իշխող կոալիցիայի խորհրդի նիստում, այնուհետեւ ներկայացվեն Վենետիկի հանձնաժողովին: Առաջիկայում առաջարկները կներկայացվեն նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ինչից հետո հնարավոր է, որ նախագիծը մտնի առաջիկա քառօրյայի օրակարգ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG