Մատչելիության հղումներ

Արմեն Ալավերդյան. «Գյուղացիների վրա հարկման բեռ չի ավելացել»


Այս տարվա հունվարից գյուղատնտեսության ոլորտից ավելացված արժեքի հարկ է գանձվելու: Դա առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջն է: Փոփոխությունները առայժմ ազդելու են միայն խոշոր արտադրողների վրա, ում իրացման շրջանառությունը 58 միլիոն 350 հազար դրամից ավելի է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը եւ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

«Բուն գյուղացիների վրա հարկման բեռ այս տարվա ընթացքում չի ավելացել եւ այս տարվա մեջ նախատեսված չէ ավելացնել: 2009 թվականին, ամբողջ տարվա ընթացքում [գյուղատնտեսության ոլորտի] փոքր եւ միջին ձեռնարկությունները նորից ազատված են եկամտահարկի եւ շահութահարկի վճարումից», - ասաց Արմեն Ալավերդյանը, հավելելով` «ըստ էության, գյուղատնտեսությունը ինպես հարկվել է, այնպես էլ հարկվելու է, բացառությամբ գյուղատնտեսության բնագավառի խոշոր արտադրողներից»:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը պարզաբանեց. - «Դրանք հատկապես մեր արդյունաբերական հիմունքներով գործող թռչնաբուծական ֆաբրիկաներն են, մեր անասնապահական խոշոր ֆերմաներն են, խոշոր ֆերմերային տնտեսություններն են... բայց անգամ այդ պարագայում, նրանք հարկվում են 58 միլիոն 350 հազարից ավել իրացված շրջանառության համար»:

Որոշված շեմը հետագայում կարող է վերանայվել, իսկ այժմ, Արմեն Ալավերդյանի կարծիքով, այդ շեմը բավական բարձր է եւ ավելացված արժեքի հարկ են վճարելու ոլորտում առկա 340 հազար տնտեսվարողներից միայն մի քանի հարյուր խոշոր արտադրողները:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG