Մատչելիության հղումներ

Ուգո Չավեսը հանրաքվեով ստացավ եւս մեկ անգամ առաջադրվելու իրավունք


Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը պաշտոնապես հայտարարել է, որ Սահմանադրության լրամշակման հարցով կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների համաձայն` նախագահ Ուգո Չավեսը ստացել է հաջորդ նախագահական ընտրություններում վերստին առաջադրվելու իրավունք:

Ազգային ընտրական խորհրդի նախագահ Տիբիսայ Լուսենայի հրապարակած` քվեաթերթիկների 94 տոկոսի հաշվարկի տվյալներով, հանրաքվեի մասնակիցների 54,36 տոկոսը հավանություն է տվել Սահմանադրության լրամշակմանը, իսկ 45,63 տոկոսը դեմ է քվեարկել: Հանրաքվեին մասնակցել է Վենեսուելայի ընտրական ընտրական իրավունք ունեցող 17 միլիոն բնակիչների 70 տոկոսը:

Այսպիսով, առաջադրվելու ժամկետների սահմանափակումն ուժը կորցրել է, ուստի արդեն տասը տարի իշխող Չավեսը 2012 թվականին կարող է նորից առաջադրվել եւ հաղթելու դեպքում նախագահել եւս 6 տարի: Եթե արդյունքը Չավեսի համար լիներ ոչ բարենպաստ, ապա նա 2013 թվականին կազատեր նախագահի պաշտոնը: Երեկ լրագրողների հետ կարճատեւ զրույցում նախագահն ասել էր, որ այս հանրաքվեով իր քաղաքական ճակատագիրն է որոշվում:

Վենեսուելայում Սահմանադրությունը լրամշակելու թեման վերջին ամիսների ընթացքում հանրային թեժ վեճեր է հարուցել, նույնիսկ բախումներ են տեղի ունեցել, սակայն երեկ բուն քվեարկության ընթացքում երկրում հանգիստ վիճակ էր եւ միջադեպեր չեն եղել:

Լրամշակման աջակիցները պնդում են, որ այսպես կոչված «բոլիվարյան հեղափոխությունը» շարունակելու եւ «21-րդ դարի սոցիալիզմի վենեսուելական մոդելը» կառուցելու համար անհրաժեշտ է Չավեսին տալ առնվազն մինչեւ 2019 թվականը նախագահելու հնարավորություն:

Լրամշակման ընդդիմախոսների համոզմամբ, մինչդեռ, Չավեսը երկրում բռնատիրական կարգեր է հաստատում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG