Ժամանակավոր հանձնաժողովի նիստում ներկայացնելով փորձագետների եզրակացությունները, Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, մարտի 1-2-ի իրադարձությունների քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը նշեց, որ hատուկ միջոց կիրառած ոստիկանները «անմիջականորեն հատուկ միջոցների կիրառմանը չեն ներգրավվի, բայց ծառայությունը սովորականի նման կշարունակեն, քանի դեռ մեղադրանքի որեւէ փաստ նրանց մասով չկա»:
«Այսինքն հնարավոր չէ՞ որեւէ մեկին մեղադրել եւ հնարավոր չէ նաեւ, նույնիսկ անուղղակի ձեւով, մեղադրել այդ զորքերի հրամանատարական կազմի՞ն», - պարզաբանումները լսելուց հետո Հատուկ քննչական խմբի ղեկավարին հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, եւ ստանալով պատասխան` «Իհարկե ոչ», շարունակեց. - «Այդ դեպքում ինչո՞ւ «7-ի գործով» այդ սպանությունների օժանդակությունը տրված է, եւ փաստորեն այս երեք հոգին էլ են դրա մեջ մտնում... Փաստորեն այդ մարդիկ մեղադրվում են այս սպանությունների համար»:
Վահագն Հարությունյանը հակադարձեց, թե 7 ընդդիմադիրները մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք զուգորդվել են սպանություններով:
«Նրանք ուղղակի պարտավոր էին կանխատեսել [սպանությունների հավանականությունը] եւ թույլ չտալ», - հայտարարեց Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչը:
«Նրանք պետք է նաեւ կանխատեսեին, որ այդ միջոցների հնացած լինելու պատճառո՞վ կարող էին մարդիկ զոհվել», - տարակուսանք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանը:
Քննչական խմբի ղեկավարի պարզաբանմամբ, ժամկետանց զենքի կիրառումը չէր կարող անձանց մահվան պատճառ դառնալ:
«Փորձագիտական ռեսուրսները սպառվել են, բայց դա չի նշանակում, որ սպառվել կամ դադարեցվել է քննությունը», - հավելեց Վահագն Հարությունյանը:
«Ուրեմն պետք է արգելել այդ զենքի կիրառումը, որի կիրառումից հետո պարզվում է, որ կա զոհ, բայց չի կարելի գտնել, թե ով է սպանել», - կարծիք հայտնեց ժամանակավոր հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը: - «Դա ապտակ է հայկական պետականությանը: Հայկական պետությունը կարողացավ ժամանակակից քրեագիտության մեջ նոր էջ բացի, որ հնարավոր է այսպիսի բան», - եզրակացրեց նա:
«Ես այս փորձաքննություններին չեմ վստահում: Չեմ վստահում, որ 4 հոգի են, 3 սպանված, եւ հնարավոր չէ գտնել եւ պարզել, թե, այնուամենայնիվ, ո՞վ էր մեղավոր», - իր հերթին կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Այդուամենայնիվ, հանձնաժողովի անդամները մի քանի առաջարկ ներկայացրեցին: Նախ, որ պահանջեն կիրառությունից ընդհանրապես հանել խնդրո առարկա հատուկ միջոցները, երկրորդ, դիմեն ոստիկանության պետին հատուկ միջոցներ կիրառած անձանց ծառայությունը կասեցնելու պահանջով, եւ երրորդ` հանձնաժողով հարցաքննության հրավիրեն նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին:
Կարինե Քալանթարյան