Համագումարին, որը տեղի ունեցավ Կառավարության նիստերի դահլիճում, եւ որտեղ առաջին ելույթը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանինն էր, ներկա էին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Դաշնակցության, «Օրինաց երկիր»-ի ղեկավարները, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Կային նաեւ արտասահմանից ժամանած հյուրեր` Չինաստանի կոմունիստական կուսակցության, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» եւ Ուկրաինայի «Ռեգիոնների» կուսակցությունների ներկայացուցիչները:
Համագումարի ավարտին Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու համագումարին չէր հրավիրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ծառուկյանը արձագանքեց. - «Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ կապ ուներ կուսակցության համագումարի հետ... Մարդը գնացել է, հանգստանում է: Երբ կցանկանա քաղաքականություն վերադառալ, ինքը համապատասխան ելույթ կունենա, կհայտարարի, իր համախոհները կունենա, իր ծրագիրը»:
«Բարգավաճ Հայաստան»-ի նախագահը, ով ավելի վաղ դեմ էր արտահայտվել հարկային բեռի ավելացմանը, այսօր այդ կապակցությամբ ասաց. - «Դեմ եմ ոչ թե անձնական վիճակից ելնելով.. Ես սկսել եմ իմ աշխատանքը փոքր բիզնեսից, ես հասկանում եմ փոքր բիզնեսի ծանրությունը: Անպայման հարկավոր է պարարտ միջավայր ստեղծել փոքր բիզնեսի հզորացման համար: Պետությունը պետք է իր վրա վերցնի, որոշ օրենքներ պետք է սառեցնի, հնարավորություն ընձեռնի, որ մարդիկ կարողանան գոյատեւել, աշխատել»:
Նրա խոսքով, ինքը իր 22 հազար աշխատատեղերից ոչ մեկը չի կրճատել, թեեւ շատ ձեռնարկությունների արտադրանքը չի վաճառվում. - «Թող մեր հաշիվներից այդ ծախսերը գնան, բայց մենք մտահոգ ենք, որ այդ մարդիկ աշխատանքով իրենց ընտանիքն են պահում»:
Պատասխանելով հետընտրական զարգացումների կապակցությամբ կալանավորվածներին վերաբերող հարցին` Գագիկ Ծառուկյանը կարծիք հայտնեց, որ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների վերանայումից հետո «այդ բանտարկյալների 90 տոկոսից ավելին ազատ կարձակվեն»:
Ռուզաննա Ստեփանյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)