Մատչելիության հղումներ

Սպանվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարը


Այսօր Բաքվում սպանվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռաիլ Ռզաեւը:

Ինչպես «Ռոյթերզ» գործակալությանը փոխանցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն, անհայտ մարդասպանը Ռզաեւի վրա կրակել է նրա տան շքամուտքի մոտ, եւ նա մահացել է հիվանդանոցում:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունում «Ռոյթերզ»-ի աղբյուրը, իր հերթին, հայտնել է, որ սպանությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ի սահմաններում: Արձակված միակ գնդակը դիպել է Ռզաեւի գլխին:

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիջմեդին Սադիխովը Lider հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, թե տեղեկություններ չունի սպանության հնարավոր շարժառիթների մասին: Նա նշել է, թե ըստ նախնական տեղեկատվության` Ռզաեւի ավտոմեքենան մի քանի օր հսկողության տակ է եղել:

Գեներալ-լեյտենանտ Ռզաեւը հետխորհրդային Ադրբեջանում 1990-ականներից ի վեր սպանված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Նա գլխավորում էր Ադրբեջանի օդուժը 1992 թվականից: Ըստ «Ռոյթերզ»-ի, Ռաիլ Ռզաեւը Ադրբեջանի ներկայացուցիչն էր Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օգտագործման հարցով Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բանակցություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG