Մեզ հետ զրույցում երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոն, ով «Եվրատեսիլ»-ում Հայաստանի երկրորդ դեսպանն էր, նշեց, որ շատ է կարեւորում մեր երկիրը ներկայացնողի քաղաքացիությունը` հավանաբար նկատի ունենալով հենց Մհերին, ով Ռուսաստանի քաղաքացի է:
Վերջերս շրջանառվող լուրերի համաձայն, «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու լուրջ հավակնություններ ուներ Արամեն, ում հետ մեր խոսակցության արդյունքում պարզեցինք, որ ամենայն հավանականությամբ նա հայտ չի էլ ներկայացնի:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան մրցույթում հաղթելու մեծ հնարավորություն, ըստ ասեկոսեների, ունեն Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը, ովքեր հայկական շոու-բիզնես են վերադարձել նոր ոճով, նրանց պրոդյուսերական գործը ստանձնել է «Շարմ» ընկերությունը:
Իսկ մրցույթն այս տարի կանցնի «Եվրատեսիլ»-ի փոփոխված կանոններով: Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը բացատրեց, որ մրցույթի կանոնները թույլ են տալիս հեռուստաընկերություններին ամեն տարի անցկացնել տեղական ընտրությունները` իրենց նախընտրությամբ: Իրենք էլ որոշել են այս տարի ընտրել կատարողին` իր կատարումով: Փետրվարի 14-ին ուղիղ եթերում կհեռարձակվի ամփոփիչ համերգը, որից հետո պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման եւ հեռուստադիտողի SMS քվեարկության արդյունքում պարզ կդառնա այս տարի մայիսին Մոսկվայում կայանալիք ,Եվրատեսիլ 2009»-ի հայ պատվիրակի անունը:
Սեդա Պապոյան