Մատչելիության հղումներ

Ռազմիկ Զոհրաբյան. «Ինչքան քիչ հավաքվեն` ավելի լավ»


Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը վստահ է, որ ընդդիմության ծրագրած մարտի 1-ի հանրահավաքին ոչ մի արտառոց բան տեղի չի ունենա:

«Ինչքան քիչ հավաքվեն, զերծ մնան այդ հավաքներից, միտինգներից, ավելի լավ», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Զոհրաբյանը` շարունակելով. - «Կա դրա մյուս կողմը: Այսինքն` հեռուստատեսությունը փակ է ընդդիմադիրների համար, եւ փաստորեն մարդիկ գալիս են նաեւ իմանալու միտինգների տեղից»:

Հանրապետական պատգամավորը հիշեցրեց, որ օրեր առաջ հեռուստաեթերից Կարապետ Ռուբինյանի հետ միասին կոչ է արել ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչներին:

«Մենք ոչ թե հատուկ պայմանավորվեցինք, ստորագրեցինք, այլ կոչ արեցինք, որ իրենք էլ անկարգություններ թույլ չտան: Նույնն էլ` իրավապահները», - ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամ Կարապետ Ռուբինյանը քաղբանտարկյա՞լ է, թե ո՞չ, Զոհրաբյանը պատասխանեց. - «Կարապետ Ռուբինյանի դեմ մեղադրանքներն էին պակաս եւ անհիմն, եւ նրան ազատեցին»:

«Այո, շարժառիթները եղել են քաղաքական բոլորին ձերբակալելու, որովհետեւ միտինգը կազմակերպված էր հասարակական-քաղաքական միտումով», - այդուհանդերձ, հավելեց նա:

Ինչ վերաբերում է «7-ի գործով» դատավարությանը, ապա Ռազմիկ Զոհրաբյանը վերհիշեց, որ իրենք եւս խորհրդային իշխանության տարիներին ընթացող իրենց դատավարության ժամանակ խանգարել են դատավարության բնականոն ընթացքը:

«Մեզ դատավորը ընդհատում էր, չէր թողնում արտահայտվենք մինչեւ վերջ: Մենք դրա դեմ բողոքեցինք, հայտարարեցինք հացադուլ եւ չէինք գալիս դատական նիստի... Հետագայում գնացին զիջումների` մեզ չէին ընդհատում, մենք ներկայացնում էինք մեր քաղաքական պահանջները: Մեզ իրենք չեն համարել քաղբանտարկյալ: Մեզ ասում էին, որ` դուք պետական վտանգավոր հանցագործներ եք եւ այդ հոդվածներով էլ դատում էին», - պատմեց նա` հավելելով. - «Այդ մենք էինք մեզ քաղկալանավոր համարում: Իրենք չէին համարում»:

«Ուզում եմ ասել` մենք էլ ենք արել, Արմեն Ռոստոմյանենք էլ են արել», - շարունակեց նա: - «Բայց... ամեն օր չի կարելի է անել: Դրա համար այս փոփոխությունը արվեց [Քրեական օրենսգրքում], որպեսզի ի վերջո դատաքննությունը ավարտվի»:

Հարցին, թե կողմնակի՞ց է, որ «7-ի գործով» ամբաստանյալներին ազատ արձակեն, ՀՀԿ-ական գործիչը պատասխանեց. - «Ես կողմնակից եմ ընդհանրապես լարվածության թուլացման: Ես կողմնակից եմ, որ խնդրագրերի ներկայացմամբ նախագահը ներում շնորհեց, կողմնակից եմ նաեւ համաներման: Բայց այդ դատավարությունը պետք է կայանա, որովհետեւ այնտեղ միանշանակ բոլորը նույն գործունեությունը չեն տարել: Մարդիկ կան, քրեական հանցագործություն են արել, մարդիկ կան ընդամենը մասնակցել են միտինգին եւ կոչեր են արել»:

Զոհրաբյանի խոսքով, իշխանությունները կողմ են, որ լարվածությունը թուլացվի. - «Ինչ որ եղել` եղել է: Իրենք բողոքել են, որ կեղծ ընտրություններ են եւ այլն, եւ այլն: Մեկ տարի արդեն անցել է: Այսինքն` Հանրապետության նախագահը կարող է նաեւ համաներում շնորհել` քաղաքական լարվածությունը հանելու համար: Ի վերջո, այդ մարդիկ այս երկրի թշնամին չեն... Իշխանությունները, հո տղայական պահվածք չի` ասել են, ուրեմն վերջ: Եթե իսկապես չկան հիմնավոր ապացույցներ, նույնիսկ կարելի է մարդկանցից ներողություն խնդրել»:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում շրջանառվող լուրերին, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքականություն, ավելին` դառնալ հաջորդ վարչապետը, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը բավարարում է մեզ, ինչպես նախագահը, ինչպես Ազգային ժողովը»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG