Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց աշխատանքային խմբի ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, խմբի անդամները ներկայացրել են իրենց մոտեցումները նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ:
«Ես չեմ կարծում, որ բուն աշխատանքը տեղի է ունենում աշխատանքային խմբի նիստերի ժամանակ», - ասաց Հարությունյանը: - «Բնականաբար, աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ նախապատրաստում է իր առաջարկությունները մինչեւ նիստը, եւ նիստի ժամանակ քննարկվում են մեր առաջարկությունները»:
Աշխատանքային խմբում, Ազգային ժողովի նախագահի հրամանով, ընդգրկված են Եվրախորհրդում հայաստանյան պատվիրակության անդամները, ինչպես նաեւ Հայաստանի խորհրդարանում դեռ անցյալ տարի ձեւավորված մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի` այդ թվում նաեւ ոչ պատգամավոր անդամները:
Աշխատանքային խմբում դեռեւս ընդգրկված չէ «Ժառանգություն» խմբակցության անդամը: Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ եթե առաջարկ լինի, իրենք կմասնակցեն:
Այս կապակցությամբ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Եթե մեկը` պատգամավոր, ցանկություն ունենա այդ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցի, դրա իրավունքը ունի, եւ, կարծում եմ, պարոն Հարությունյանը բոլոր հնարավորությունները նրա համար կստեղծի»:
Նիկոյանի փոխանցմամբ, խմբի անդամները այսօր ներկայացրել են, թե 225 եւ 300 հոդվածների վերաբերյալ ինչ հակասություններ են տեսնում եւ ինչ ուղղությամբ պիտի աշխատեն:
Աշխատանքային խմբի անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով, մասնավորապես 225 հոդվածը պիտի ենթարկվի էական փոփոխությունների. - «Սկսած զանգվածային անկարգություններ հասկացությունից, ավարտած նրա մասնակիցների կոնկրետ վարքագծի հատկանշմամբ, ինչպես նաեւ սպանություններ անվանումը, որ օգտագործվում է այս հոդվածում, այստեղ պարզապես տեղ չպետք է գտնի»:
Այս առիթով պարզաբանումներ տվեց նաեւ աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ միջազգային, անգլոսաքսոնական իրավունքում գոյություն ունի «ծանր հանցագործություն կատարելիս անձանց մահ պատճառելու» հասկացությունը, որը արտացոլված էր Քրեական օրենսգրքի ներկայումս գործող 225 հոդվածում: Ընդունելով, որ գործող հոդվածը, միջազգային իրավունքում ընդունված այս հասկացության վրա հիմնված լինելով հանդերձ, որոշակի հստակեցումների կարիք ունի, Հարությունյանը նշեց. - «Այս պահին ես պատրաստ չեմ ասելու, թե ինչ փոփոխություն է կատարվելու, սակայն սկսել եմ ուսումնասիրել հարցը»:
«Ամենակարեւոր բացը այն է, թե ի՞նչ է նշանակում զանգվածային անկարգություն: Ինչո՞ւ սպանություններով զուգորդված, արդյո՞ք մենք պետք է որդեգրենք այդ ճանապարհը թե ոչ», - ասաց Հարությունյանը:
Աշխատանքային խմբի ղեկավարը պարզաբանեց, որ խնդրո առարկա երկու հոդվածներում՝ 225 եւ 300, օրենսդիրը մի քանի հանցագործության տեսակ միավորել է եւ նշանակել մեկ պատժաչափ, ինչը խնդիր է առաջացնում, եթե անձը թվարկված հանցագործություններից միայն մեկն է կատարել եւ պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարած կոնկրետ հանցանքի համար:
«Բանն այն է, որ շատ հասկացություններ, որ մենք օգտագործում ենք հստակ չեն, կամ անորոշ են, կամ ունեն տարբեր մեկնաբանություններ: Օրինակ՝ սահմանադրական բառը՝ 300 հոդվածում: Մենք այստեղ ունենք որոշակի հակասական դրույթ, որովհետեւ ես չեմ պատկերացնում, թե Սահմանադրությունը չխախտելով ինչպես է հնարավոր իշխանությունը բռնի զավթել», - ասաց Հարությունյանը: - «Երբ մենք ունենք այսպիսի ինքնահակասական ձեւակերպում, մենք պետք է հստակեցումներ մտցնենք այն աստիճան, որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ նա պարտավոր է հանցագործության յուրաքանչյուր տառը ինքնուրույն ապացուցել, որից հետո հանգել այն եզրակացության, թե հանցագործությունը առկա է, թե՝ ոչ»:
Ինչ վերաբերում է պետական իշխանությունը յուրացնելու հատկանիշներով 300 հոդվածին, ապա, աշխատանքային խմբի անդամ Արծվիկ Մինասյանի մեկնաբանությամբ, այս հոդվածը «պետք է ամբողջությամբ փոխվի կամ վերացվի»:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1643 բանաձեւը ողջունել էր «Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հունվարի 22-ի որոշումը՝ մեկամսյա ժամանակահատվածում Ազգային ժողովի կազմում աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը, փոփոխություններ կնախագծի Հայաստանի քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում»:
Կարինե Քալանթարյան
(Լուսանկարում` աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը)