Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է Բեռլինի միջազգային կինոփառատոնը


Ժամանակակից ամենահայտնի գերմանացի ռեժիսորներից մեկի` Թոմ Տիկվերի նոր ֆիլմի ցուցադրությամբ այսօր կմեկնարկի Բեռլինի Միջազգային կինոփառատոնը:

The International ֆիլմը քաղաքական դետեկտիվի տարրերով թրիլեր է, որի գլխավոր հերոսը Ինտերպոլի գործակալ է: Ֆիլմի հերոսը ճյուղավորված ու ազդեցիկ միջազգային ցանց է բացահայտում, որը զբաղված է փողի լվացմամբ եւ տարբեր երկրներում հեղաշրջումներ կազմակերպելով:

Փառատոնի ընթացքում հաջողության մեծ շանսեր ունի նաեւ 2006 թվականի Կաննի փառատոնի հաղթողներից մեկը` ալժիրցի ռեժիսոր Ռաշիդ Բուշարեբը իր նոր`«Lոնդոնյան գետը» կինոնկարով: Ֆիլմի գլխավոր հերոսները փորձում են գտնել իրենց զավակներին, որոնք անհետացել են 2005 թվականին` լոնդոնյան մետրոյում կազմակերպված հայտնի ահաբեկչական հարձակումներից հետո:

Ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի` փառատոնում ներկայացված ֆիլմը զուրկ է սոցիալական հնչեղությունից: Օզոնի կինոնկարը նվիրված է ընտանեկան հարաբերություններին, որոնց կիզակետում է հայտնվում անսովոր կարողություններով օժտված փոքրիկ Ռիկին:

Այս տարի Բեռլինում նաեւ մի քանի աչքի ընկնող արտամրցութային ցուցադրումներ են լինելու: Մասնավորապես, կցուցադրվի հունական եւ եվրոպական կինոյի դասական համարվող Թեո Անգելոպուլոսի «Ժամանակի փոշին» ֆիլմը, որի նկարահանումները կատարվել են մոտ մեկ տասնյակ երկրներում: «Անցած դարի պատմական իրադարձությունները վերհիշելով` Անգելոպուլոսը այսօրվա սոցիալական խնդիրներն է վերհանում», - նշում են եվրոպացի քննադատները: Ֆիլմում նկարահանվել են Միշել Պիկոլին, Բրունո Հանսը, Իրեն Ժակոբը եւ այլ հայտնի դերասաններ: «Հազվադեպ է պատահում, երբ հանորավրություն ես ստանում աշխատել նման մտեցումներով նկարահանված կինոնկարում», - ասում է Իրեն Ժակոբը:

Արտամրցութային ծրագրում ընդգկված է հունական ծագում ունեցող, սակայն վերջին մի քանի տասնամյակներին Ֆրանսիայում ապրող եւ աշխատող ռեժիսոր Կոստա-Գավրասի ֆիլմը: «Դրախտն արեւմուտքում է» անվանումը կրող այս կինոնկարի գլխավոր հերոսները անօրինական ներգաղթյալներն են, որոնք Հյուսիսային Աֆրիկայից թափանցում են Արեւմտյան Եվրոպա:

Բեռլինյան փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ այս տարվա ցուցադրումների վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու դրա արդյունքում Արեւմուտքում սկիզբ առած համընդհանուր ընկճվածությունը չեն ազդի: Փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը, մասնավորապես, լրագրողներին ասել է. - «Մարդիկ այնքան են հոգնել այս ճգնաժամից, որ կցանկանային մի երկու ժամ գոնե հանգստանալ կինոդահլիճի մթության մեջ: Նման ճգնաժամային իրավիճակներում կինոն իրոք որ մեծ առաքելություն է ստանձնում»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG