Չորս լրագրող զոհվել է Գազայի հատվածում` Իսրայելի ու «Համաս»-ի միջեւ պատերազմի ընթացքում: Ըստ հաղորդագրության` նրանք աշխատում էին Գազայի հատվածում գտնվող գրասենյակներում եւ զոհվել են Իսրայելի օդուժի ռմբակոծության հետեւանքով:
Պակիստանում զոհվել է երեք լրագրող: Երկրի հյուսիսում ինքնասպան ահաբեկչի ռմբահարումից զոհվել են երկուսը, իսկ մեկ լրագրող սպանվել է Ռավալինդի քաղաքում:
Ռուսաստանում եւ Վենեսուելայում անցած ամիս սպանվել է երկուական լրագրող: Հունվարի 5-ին Մուրմանսկում մահացել է «ՌԻԱ 51» լրատվական գործակալության լրագրող Շավիգ Ամրախովը, որի վրա դրանից մեկ շաբաթ առաջ կրակել էին գազային ատրճանակով: Իսկ հունվարի 19-ին մահացավ «Նովայա գազետա» թերթի լրագրող Անաստասիա Բաբուրովան, ով Մոսկվայի կենտրոնում հրազենից մահացու վիրավորվել էր փաստաբան Ստանիսլավ Մարկելովի սպանության ժամանակ:
2009-ի առաջին ամսվա ընթացքում մեկական լրագրող է սպանվել Նեպալում, Սոմալիում, Շրի Lանկայում:
Press Emblem Campaign-ը ահազանգում է այս դեպքերի կապակցությամբ ու միջազգային հանրությանը կոչ անում ավելի մեծ ջանքեր գործադրել վտանգավոր իրավիճակներում մամուլի ու լրագրողների պաշտպանության համար:
Կազմակերպության նախորդ զեկույցների համաձայն` 2008-ին աշխարհում սպանվել է 91 լրագրող, 2007-ը լրագրողների համար ամենավատ տարին էր, երբ սպանվել, զոհվել են 110 լրագրողներ (50-ը` Իրաքում), 2006-ին սպանվել է 96 լրագրող, 2005-ին` 68 լրագրող:
Հրաչ Մելքումյան, Պրահա