Մատչելիության հղումներ

«Հայաստանում 1000 նորածիններից 22-ը մահանում են մինչեւ մեկ տարեկանը»


Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) «Երեխաների իրավիճակը աշխարհում» 2009 թվականի զեկույցի, աշխարհի առավել թույլ զարգացած երկրներում մոտ 300 անգամ ավելի մեծ է ծննդաբերության ժամանակ մահանալու հավանականությունը, քան զարգացած երկրներում: Զարգացած երկրների համեմատությամբ գրեթե 14 անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ զարգացող երկրում ծնված երեխան մահանա կյանքի առաջին ամսում:

Ինչպես այսօր զեկույցը ներկայացնելիս ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին, իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում խնդիրը եւս մտահոգիչ է:

Մեզանում կանանց մոտ հղիության եւ ծննդաբերության բարդություններից մահանալու հավանականությունը, ըստ զեկույցի, 9 անգամ ավելի մեծ է, քան զարգացած երկրներում:

«Հայաստանում, մոտավոր հաշվարկներով,1000 նորածիններից 22-ը մահանում են մինչեւ մեկ տարեկանը, որոնց 80 տոկոսը` կյանքի առաջին 28 օրվա ընթացքում: Այս մահերից շատերը հնարավոր կլիներ կանխել, եթե երեխաները ժամանակին ստանային անհրաժեշտ խնամքի եւ բուժման ծառայությունները», - ասաց նա:

Ըստ Մոշիրի, Հայաստանում այս իրավիճակին նպաստող գործոններից են ոչ բավարար նախածննդյան եւ նորածնային խնամքը, որակյալ անձնակազմի եւ անհրաժեշտ սարքավորումների պակասը եւ կանանց համար այդ ծառայությունների անմատչելիությունը:

Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանի պնդմամբ, բոլոր այն քայլերը, որոնք իրականացնում է առողջապահության նախարարությունը` հղիների անվճար խնամքն ու հետազոտությունները, անվճար ծննդօգնությունը, կնպաստեն նորածնային մահացությունների թվի նվազմանը:

«Հայաստանի մարզերում մահացություններն ավելի շատ են, քան քաղաքներում: Ինչպես նշված էր զեկույցում, Հայաստանում մահացության ցուցանիշները 3 անգամ ավելի բարձր են աղքատ ընտանիքներում, քան ապահովված», - հավելեց նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG