Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում շեշտում է. - «Քաղբանտարկյալների առկայությունը շատ բան անիմաստ է դարձնում: Իմաստ չունի, օրինակ, այսօր բանավիճել, թե ինչն է ավելի լավ` լիբերալիզմը, թե սոցիալիզմը: Որովհետեւ երկրի զարգացման ուղիները քննարկելուց առաջ պետք է հնարավորություն տակ, որ գաղափարների համար մրցակցային դաշտ ստեղծվի: 10 հոգի սպանել, մի քանի տասնյակ ընդդիմախոսների ազատազրկել, իսկ հետո ազատության մեջ մնացածներին ասել` եկեք երկխոսենք Հայաստանի ճակատագրի մասին, առնվազն տարօրինակ է ու անբնական»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մասին «Իրավունք»-ը գրում է. - «Թեեւ այս փուլում «նարնջագույնները» պարտվեցին, եւ ի չիք եղավ մարտի 1-ին իշխանությունը գրավելու ծրագիրը, այնուամենայնիվ, պարզ է, որ խորհրդանշական ամսաթվին` այս տարվա մարտի 1-ին. լեւոնականները անպայման մի սադրանք անելու են, որպեսզի լինեն ե’ւ ընդհարումներ, ե’ւ գուցե նոր զոհեր: Ու այս պարագայում իշխանությունների գործը բավականին բարդանում է: Մի կողմից, եթե այդ սադրանքը տեղի ունենա, դա Ստրասբուրգում կբերի իր հետեւանքները: Իսկ եթե իրավապահները լավ աշխատեն ու նախօրոք ձերբակալեն բոլոր նրանց, ովքեր պետք է գլուխ բերեն այդ սադրանքը, դա դառնալու է համաշխարհային ոռնոցի առիթ ու նույնպես օգտագործվելու է Ստրասբուրգում մեր երկրի դեմ»:

«Այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ի թիվ 1643 բանաձեւում կան կետեր, որոնք ապրիլին կարող են մեր երկրի գլխին պատուհաս դառնալ», - շարունակում է «Իրավունք»-ը: - «4-րդ եւ 5-րդ կետերն ամբողջությամբ խիստ մեղադրանք են` կապված մարտի 1-ի գործով կալանավորված եւ դատապարտված անձանց հետ: Գործնականում պահանջ է դրված ազատ արձակել գրեթե բոլոր նրանց, ովքեր մարտի 1-ի բերումով հայտնվել են բանտում, այսինքն` Հայաստանի իշխանություններից պահանջում են` փաստացի ապահովել մարտի 1-ի բուն խռովության փաստի անպատժելիության երաշխիքները: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան հետագայում հեղաշրջման նոր փորձերի համար բարենպաստ հողի նախապատրաստում: Ի դեպ, 8-րդ կետով անառարկելի պահանջ է ներկայացված համաներման համատարած կիրառումը կատարելու»:

Նույն խնդրի շուրջ է խորհում «Հրապարակ»-ի խմբագիրը. - «Այսօր Շենգավիթի դատարանում շարունակվելու է «7-ի» դատավարությունը: Փակուղին ակնհայտ է` «ամբաստանյալները ոտքի չեն կանգնում, եւ «թասիբի» ընկած դատավորը հրաժարվում է դատավարությունը շարունակել: Իշխանությունն էլ, «թասիբի» ընկած, հրաժարվում է քաղբանտարկյալներին ազատ արձակել... Մինչդեռ, ազատ արձակման ձեւի ընտրությունը թողնված է Հայաստանի իշխանություններին: Դա կլինի արդարացման դատավճռի, թե Քրեական օրենսգրքում փոփոխությունների տեսքով` Եվրոպան չի կարեւորում: Կարեւորը, որ ոչ մի անձ իր քաղաքական հայացքների պատճառով չհայտնվի ճաղերի ետեւում: Եվ մեր իշխանությունների այս գողական պահվածքը` «չկոտրվելը», միայն մի բանի մասին է վկայում, որ ճիշտ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ Քոչարյան - Սարգսյան զույգի օրոք ստեղծված համակարգն անվանում էր ավազակապետություն: Քրեական կանոններով ապրող ու առաջնորդվող իշխանություններին այլ կերպ հնարավոր չէ անվանել»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրուցել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նա ասում է. - «Ինձ համար հենց սկզբից զարմանալի էր Րաֆֆի Հովհաննիսյանի ԵԽԽՎ-ի նստաշրջանին չմասնակցելու որոշումը: Ընդդիմությունը հայտարարում է, որ ներկայացուցիչ չուներ Ստրասբուրգում, մինչդեռ ընդդիմությունը, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ներկայացված է պատվիրակության կազմում: Թույլ տվեք հարցնել` ո՞վ պետք է ներկայացներ ընդդիմության տեսակետը, եթե ոչ «Ժառանգության» առաջնորդը, որ, դատելով ամեն ինչից, դեռ չի կողմնորոշվել` բարիկադի ո՞ր կողմում է: Համոզված եմ, ընդդիմությունը պետք է իր մեջ ուժ գտնի արժանապատվորեն ընդունելու «պարտությունը» եւ փոխի առճակատման մարտավարությունը, որ այլեւս իրեն սպառել է: Ի վերջո ե’ւ իշխանությունը, ե’ւ ընդդիմությունը ժամանակավոր են` երկիրն է մնայուն»:

«Ազգ»-ը տեղեկացնում է, որ երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ Աժ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը այցելել են կալանված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Հակոբ Հակոբյանին. - «Վերջիններս ավելի վաղ նամակով դիմել էին ԱԺ նախագահին` խնդրելով արտահերթ նիստ հրավիրել իրենց եւ գլխավոր դատախազի մասնակցությամբ, քանի որ համոզմունք ունեն, որ գլխավոր դատախազը չի հիմնավորել իրենց մեղքը: Այդ նիստում նրանք պահանջելու են գլխավոր դատախազից իրենց մեղքը հիմնավորող ապացույցներ բերել: Այցելուները պատգամավորների հետ զրույցում նշել են, թե Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարում է ԱԺ նախագահը` երկրի նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կամ կառավարության նախաձեռնությամբ»:

«Իրավունքը de facto»-ն զրուցել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանի հետ: Լրագրողի հարցին, թե երբ է նախատեսվում հաջորդ հանրահավաքը, Մանուկյանը պատասխանում է. - «Ամենաուշը մարտի 1-ին»: Իսկ հարցին, թե արդյոք կարծում է, որ հասարակությունը «նույն հավատով ու ոգեւորությամբ» կհավաքվի», ընդդիմադիր գործիչը արձագանքում է. - «Դա կախված է ասելիքից, նաեւ այն ընդհանուր մթնոլորտից, որն այսօր առկա է Հայաստանում: Բնականաբար, ինչ-որ առումով թվաքանակի հետ կապված փոփոխություններ եղել են, որովհետեւ որոշ մարդիկ, որ շատ ավելի արագ գործընթացի կողմնակից էին, գուցե հետ են քաշվել: Սակայն ավելացել են նոր զանգվածներ, որոնք նախորդ ամիսների ընթացքում համոզվեցին, որ իշխանությունը խաբեությամբ է զբաղվել: Շատերը համոզվեցին, որ մարտի 1-ը, զոհերը իշխանության ձեռքի գործ էին: Իսկ դատավարություններն էլ ապացուցեցին, որ այսօրվա մեղադրվողներից ոչ մեկը մեղավոր չէ այն հոդվածներով, որ իշխանությունները իրենց ներկայացրել են: Համոզված եմ, որ այս փուլում իշխանության դեմ եւ մեզ կողմ մտածողների քանակն ավելին է, քան մարտի 1-ին, այսինքն, քանակային առումով, դժգոհողների թիվն այսօր ավելի շատ է»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG