Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին վարչապետը համաշխահային էներգետիկ պաշարների խոշոր ճգնաժամ է կանխատեսում


Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ով Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահն է, Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումում վարել է «Նավթի եւ գազի աշխարհաքաղաքականությունը» թեմայով քննարկումը, որի ընթացքում, ի թիվս այլոց, զեկույցներ են ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Անդրիս Փիբալգսը, OPEC-ի գլխավոր քարտուղար Սալեմ Աբդալլա Էլ Բադրին:

Eurasia House International-ի լոնդոնյան գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած տեղեկատվության համաձայն, հանդես գալով եզրափակիչ խոսքով՝ Հայաստանի նախկին վարչապետը ոչ հեռավոր ապագայում համաշխարհային էներգետիկ պաշարների խոշոր ճգնաժամ է կանխատեսել:

Արմեն Սարգսյանը նաեւ առանցքային զեկույցով հանդես է եկել «Էներգետիկայի, սննդի ու ջրային ապահովության» խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ: Նա մասնավորապես նշել է, որ հստակ քաղաքականություն եւ լուրջ հանձնառություններ են անհրաժեշտ Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի եւ Կասպից ծովի ավազանի էներգիայի այլընտրանքային աղբյուրների եւ պաշարների առնչությամբ` հավելելով, թե «օրախնդիր է Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասյան երկրների հետ բաց, պրագմատիկ եւ բազմաշերտ երկխոսություն ծավալելու հարցը»:

«Գլոբալիզացված այս դարում քաղաքականությունը, տնտեսությունը եւ էներգետիկան փոխկապակցված են», - ասել է Հայաստանի նախկին վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG