Մատչելիության հղումներ

Էրդողան. «Աշխատում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար հիմքեր ստեղծելու ուղղությամբ»


Այսօր երեկոյան Դավոսում կհանդիպեն Հայաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը: Սերժ Սարգսյանի եւ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հանդիպումից մի քանի ժամ առաջ թե' հայկական եւ թե' թուրքական կողմերը հույս են հայտնում, որ դավոսյան բանակցությունները կնսպաստեն երկկողմ հարաբերությունները բարելավմանը:

Այստեղ նույնիսկ հիշեցին նախորդ տասնամյակների փորձը, երբ Դավոսում բանակցում էին Թուրքիայի եւՀունաստանի ղեկավարները: Այս առթիվ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց. - «Ինչո՞ւ չօգտագործել Դավոսի համաժողովը` Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Տեղյակ եք, որ անցած սեպտեմբերին Հայաստանի նախագահը իր թուրք պաշտոնակցին Երեւան հրավիրեց, եւ կարող եմ ասել, որ իրոք շատ իմաստուն քայլ էր թուրքական կողմի որոշումը` ընդունել նախագահ Գյուլին ուղղված այդ հրավերը: Սա հնարավորություն տվեց հարաբերությունների բարելավմանն ուղղված գործընթաց սկսել: Վերջին ամիսներին մենք հանդիպումներ ենք ունեցել արտգործնախարների մակարդակով, կայացել են նաեւ տեխնիկական բնույթի բանակցություններ: Մենք գտնվում ենք ճիշտ ուղու վրա եւ լավատես ենք այս հարցում»:

«Կարծում եմ, որ կկարողանանք բարելավել մեր հարաբերությունները, ինչը կհամապատասխանի թե' Հայաստանի, թե' Թուրքիայի, թե' ողջ տարածաշրջանի շահերին», - շարունակեց Հայաստանի արտգործնախարարը` հավելելով նաեւ, որ չպետք է լինեն տարածաշրջանային ծրագրեր, որոնցից դուրս կմնա Հարավային Կովկասի որեւէ պետություն:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի այս տեսակետը հնչել է Կովկասում ստեղծված իրավիճակին նվիրված մի քննարկման ժամանակ, որին մասնակցում էին նաեւ Ադրբեջանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը: Նախապես խոսվում էր Սերժ Սարգսյանի մասնակցության մասին, սակայն վերջին պահին նրան փոխարինեց Էդվարդ Նալբանդյանը:

Ռեջեպ Թայիփ Էրդողանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը չափավոր լավատեսությամբ է սպասում:

«Այսօր երեկոյան մենք հանդիպում ենք նախագահ Սարգսյանի հետ եւ այդ բանակցությունների ավարտին կարող են որոշակի հայտարարություններ հնչել: Կարող եմ նաեւ ասել, որ այն աշխատանքը, որ կատարել են արտաքին գործերի նախարաները, իրոք շատ դրական եմ գնահատում: Շատ ափսոս կլինի, եթե հայկական սփյուռքի գործողությունների արդյունքում այդ բոլոր ջանքերը զրոյացվեն: Միանշանակորեն կարող եմ ասել, որ մեր թիվ մեկ նպատակը տարածաշրջանային խաղաղության հաստատումն է: Դա վերաբերում է թե' հայ-թուրքական եւ թե' հայ-ադրբեջանական հարաբերություններին», - հայտարարեց Թուրքիայի կառավարության ղեկավարը:

Քննակումը վարող Յան Բրեմերի հարցին, թե արդյոք Թուրքիայի վերջնական նպատակը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, Էրդողանը պատասխանեց. - «Մենք աշխատում ենք դրա հիմքերը ստեղծելու ուղղությամբ»:

Բանավեճին ներկա Իլհամ Ալիեւին եւս հարց ուղղեցին հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների եւ տարածաշրջանային զարգացումների մասին: Ի տարբերություն Էրդողանի եւ Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի ղեկավարն առանձնակի լավատեսությամբ աչքի չէր ընկնում:

«Այսօր մենք որեւէ հարաբերություն Հայաստանի հետ չունենք: Պատճառը ադրբեջանական տարածքների շարունակվող օկուպացիան է հայկական զինված ուժերի կողմից: Երբ նայում եք քարտեզին, ապա ակնհայտ է դառնում, որ էներգակիրները դեպի Արեւմուտք առաքելու ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով: Բայց սա միայն քարտեզի վրա: Իրականում սա մեր նավթի համար ամենաերկար ճանապարհն է: Պատճառը մեկն է` մենք չենք կարող համագործակցել Հայաստանի հետ, քանի դեռ այն չի ընդունել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների գոյությունը եւ զորքերը դուրս չի բերել մեր երկրի տարածքից»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG