Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը ափսոսանք է հայտնում ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւի առնչությամբ


Հայ ազգային կոնգրեսը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում ափսոսանք է հայտնում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից նախօրեին ընդունված 1643 բանաձեւի կապակցությամբ: Հայտարարությունը ԵԽԽՎ-ում տարածեցին Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Արման Գրիգորյանը:

Ընդունված բանաձեւը որակելով «կտրուկ նահանջ» 2008 թվականի դեկտեմբերի 17-ին Մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացրած նախագծից` Հայ ազգային կոնգրեսը ափսոսանք է հայտնում, որ «Մոնիտորինգի հանձնաժողովում եւ Վեհաժողովում քվեարկությունը կայացավ ոչ ամբողջությամբ ճշգրիտ տեղեկատվության հիման վրա»:

Անդրադառնալով, մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերի 17-ից մինչ օրս 28 դատապարտվածների ներում շնորհելու փաստին, որը վկայակոչված է ԵԽԽՎ-ի բանաձեւում, հայտարարության հեղինակները պնդում են, որ 20 անձանցից, որոնց անցած շաբաթավերջին նախագահի հրամանագրով ներում է շնորհվել, 18-ը քրեական հանցագործներ են եւ քաղբանտարկյալներ չեն ճանաչվել ընդդիմության կողմից: Հայ ազգային կոնգրեսը «խաբեություն» է որակում Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից ընդամենը երկու օր առաջ Հայաստանի իշխանությունների արած այդ քայլը: Հայտարարության հեղինակները տարակուսանք են հայտնում նաեւ այն կապակցությամբ, որ համազեկուցողները ընդհանրապես ողջունում են դատապարտյալներին ներում շնորհելը, մինչդեռ «ներման խնդրագրեր ստորագրած անձանց մեծ մասը, որոնք իրոք քաղբանտարկյալներ էին, դա արել են ճնշման տակ»:

Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ մինչ օրս ազատազրկված են մնում 58 քաղբանտարկյալներ, ինչը հարցականի տակ է դնում առաջընթացի վերաբերյալ հայտարարությունների արժանահավատությունը:

Որպես Հայաստանի իշխանությունների կողմից խաբեության մեկ այլ փորձ` Հայ ազգային կոնգրեսը ներկայացնում է Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները փոփոխելու պատրաստակամության մասին հավաստիացումը. - «Գրեթե անկասկած է, որ հայաստանյան իշխանությունները այս առաջարկն արել են ժամանակ շահելու եւ խնդիրը շրջանցելու որեւէ ուղի գտնելու համար»:

Եվ վերջապես, Հայ ազգային կոնգրեսը մտահոգություն է հայտնում «համազեկուցողների աշխատանքում թափանցիկության պակասի եւ ընդդիմության հետ հաղորդակցվելուց նրանց խուսափելու կապակցությամբ»:

Հայտարարության հեղինակների կարծիքով, Երեւան կատարած վերջին այցի ընթացքում համազեկուցողների` ընդդիմության հետ չհանդիպելու հետեւանքով «տուժեց նրանց զեկույցը որակը, հետեւաբար` ԵԽԽՎ-ի վստահելիությունը»:

Հայ ազգային կոնգրեսը հույս է հայտնում, որ իրավիճակը հետագայում կշտկվի, «ինչը կպահանջի ԵԽԽՎ-ի համապատասխան կառույցների եւ քաղաքական խմբերի սերտ ներգրավումը եւ տքնաջան աշխատանքը»:


Կարինե Քալանթարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG