Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Եթե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «բուն փորացավը» Ղարաբաղն է, ապա ձայնի իրավունքից պետք է զրկված լիներ Ադրբեջանը, որտեղ վաղուց արդեն քաղբանտարկյալներ կան։ Մինչդեռ պաշտոնական Բաքվին տարան - բերեցին, քաշքշեցին, բայց այդպես էլ որեւէ կոնկրետ որոշում չկայացրին։ Իրականում Եվրախորհուրդը սեփական խաղն է առաջ տանում մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքների քննության հարցի շուրջ։ Այդ խաղը պահանջում է Հայաստանը՝ որպես մեկ ամբողջություն, եւ իշխանությունն ու ընդդիմությունը՝ որպես նրա բաղկացուցիչներ, մշտապես պահել իր վերահսկողության տակ շարունակվող «կառավարելի դիմակայության» ռեժիմի մեջ։ Իսկ դրա համար անթույլատրելի է կողմերից որեւէ մեկի չափից ավելի ուժեղացումը կամ, հակառակը, թուլացումը։ Առաջին պարագայում տվյալ կողմը դուրս կգա վերահսկողությունից, իսկ երկրորդ պարագայում ի վիճակի չի լինի կատարել «բեւեռի» դերը»։

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկման առթիվ «Հրապարակ»-ը պատմում է. - «Երեկ խմբագրություն էր զանգել մերլ մշտական ընթերցողներից մեկը եւ առաջարկում էր գրազ գալ «չզրկելու» կողմնակիցների, մասնավորապես Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի հետ, որը շատ համոզված է պնդում, որ ոչ մի պատժամիջոց էլ չի լինելու: Մեր զրուցակիցը պնդում էր, որ հանգիստ կարելի է առնվազն մի հինգ հազար դոլարանոց գրազ կնքել Ադոնցի հետ՝ համոզված, որ եթե անգամ եվրոպացիք մինչեւ վերջերս կասկածում էին «զրկել-չզրկելու» հարցում, ապա Հովիկ Աբրահամյանի հայտնի նամակից հետո հաստատ որոշած կլինեն՝ զրկել: Այդ դեպքում չի փրկելու անգամ քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ կատարելը: Ոչ էլ Դավիթ Հարությունյանի փայլուն անգլերենը, Ավետ Ադոնցի բարեկիրթ ժպիտները եւ Նաիրա Զոհրաբյանի ու Արմեն Ռուստամյանի հմուտ ճարտասանությունը: ԵԽԽՎ-ի նիստին սպասելու շատ ժամանակ չի մնացել՝ մի քանի օրից ամեն ինչ պարզ կդառնա»:

«Ազգ»-ը անդրադառնում է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից բազմիցս կրկնված՝ «Իշխանությունը պարտվելու իրավունք չունի» ասույթին: Մեկնաբանը հարցնում է. - «Ինչո՞ւ է իշխանությունը այդպես աններելի համարում իր ամեն մի այսպես կոչված «պարտությունը»։ Չէ՞ որ արժանապատիվ պարտություն ընդունելը հաճախ ավելի պատվաբեր է: Ավելին` քիչ չեն դեպքերը, երբ իշխանությունները ժամանակին հետ են կանգնել իրենց սկզբնական որոշումից, եւ դրանից նրանց հեղինակությունը միայն բարձրացել է: Բացատրությունը պարզ է եւ հանգում է հենց «պարտություն» բառի օգտագործմանը։ Այդ պատերազմական բառի կիրառումը հարգարժան ՀՀԿ-ականների կողմից նշանակում է, որ իշխանությունները ներկա արմատական ընդդիմությանն ընկալում են ոչ թե որպես հասարակության մի մասի, որի հետ պետք է լեզու գտնել, այլ որպես թշնամիների, որոնց կարելի է կամ հաղթել, կամ պարտվել։ Փաստն այն է, որ ներկա պահին իշխանությունները հարկադրված են ընտրություն կատարել ԵՐԿՈՒ «ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» միջեւ. կամ բանտից ազատել ընդդիմության ակտիվիստներին, կամ ստանալ ԵԽԽՎ-ի պատժամիջոցներ։ Եվ թող չասեն, թե ներկայումս կալանավորվածներին համաներում հայտարարելը կապված է տխրահռչակ «7-ի գործի» հետ։ Ոչ մի բան չի խանգարում հենց հիմա ազատ արձակելու այն ավելի քան քառասուն մարդկանց, որոնք ոստիկանին հրելու պատրվակով ճաղերի հետեւում են հայտնվել»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Արդեն այսօր իշխանությունները, խոսելով համաշխարհային ճգնաժամի եւ Հայաստանի վրա դրա հետեւանքների մասին, որպես առավել ծանր հետեւանք նշում են, որ վտանգ կա, թե արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի քաղաքացիները կվերադառնան Հայաստան: Հենց այդպես էլ ասում են՝ «վտանգ կա»: Այդ նույն իշխանությունները տարիներ շարունակ իբր պայքարում էին արտագաղթի դեմ, աշխարհասփյուռ հայությանը կոչ էին անում գալ Հայաստան, ներդրումներ կատարել, շենացնել երկիրը եւ այլն: Ու հիմա հանկարծ պարզվում է, որ հայերի վերադարձը վտանգավոր է: Ստացվում է, որ տարիներ շարունակ իշխանությունները ոչ թե սփյուռքահայերին էին հրավիրում Հայաստան, այլ նրանց փողերը: Դրա համար էլ հարուստ սփյուռքահայի գալը «ազգային ծրագիր» է, իսկ աղքատ հայաստանցու վերադարձը՝ վտանգ»:

«Կապիտալ» օրաթերթը գրում է. - «Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանից կայունացնող (ստաբիլիզացիոն) վարկ է խնդրել՝ ճգնաժամի դեմ համատեղ պայքարելու համար, նման է ամպրոպի՝ պարզ երկնքում: Նախ՝ այն պատճառով, որ սովորաբար նման խնդրանքներով դիմում են ոչ թե Ռուսաստանին, որն ինքը միջոցների սղության պակաս է զգում, այլ Արժույթի միջազգային հիմնադրամին, որն արդեն իսկ բազմաթիվ երկրների կայունացնող վարկեր է տրամադրել (Հայաստանը եւս նախկինում նման վարկեր ստացել է): Երկրորդ՝ մեր բոլոր պաշտոնյաները միահամուռ պնդում են, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, ճգնաժամն առանձնապես մտահոգվելու տեղիք չի տալիս եւ այլն... Ի՞նչն է, այնուամենայնիվ, ստիպել Հայաստանի կառավարությանը դիմել Ռուսաստանին: Պատճառները բազմաթիվ են: Նախ՝ մեր երկիրը մեծ ջանքեր է ներդնում դրամը կայուն պահելու համար: Ըստ նախնական գնահատականների՝ Կենտրոնական բանկն այդ ուղղությամբ արդեն ծախսել է ավելի քան 150 միլիոն դոլար, իսկ պահուստներն այնքան էլ մեծ չեն: Հավանաբար, ձգձգվում է Համաշխարհային բանկից 200 միլիոն դոլար վարկ ստանալու գործընթացը, այլապես հազիվ թե Ռուսաստանին դիմելու անհրաժեշտություն առաջանար: Եվ վերջապես՝ 2009 թվականի բյուջեի կատարման ռիսկերը շատ բարձր են, կառավարությունը հազիվ թե կարողանա բյուջետային դեֆիցիտը պահել 40 միլիարդ դրամի սահմաններում»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG