Մատչելիության հղումներ

Jane's Intelligence Digest. «Ռուս-վրացական բախումը բացահայտեց Հայաստանի տնտեսության խոցելիությունը»


Jane's Intelligence հեղինակավոր վերլուծական կենտրոնի փորձագետների վերջին զեկույցում ասվում է, որ անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական կարճատեւ բախումը մեծ արձագանք է ունեցել Բաքվում, Երեւանում, ինչպես նաեւ տարածաշրջանում շահեր ունեցող այլ մայրաքաղաքներում:

«Առավել մտահոգիչը բախման հնարավոր տարածումն էր ամբողջ Հարավային Կովկասում, ինչը վերստին ընդգծել է տարածաշրջանի մեկ այլ հիմնախնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատեւ լուծումը գտնելու անհրաժեշտությունը»:

Jane's Intelligence-ի վերլուծաբանների փոխանցմամբ, Ղարաբաղի խնդրի սառեցումը ռուս-վրացական պատերազմին նախորդող ժամանակաշրջանում, ըստ էության, համապատասխանել է հակամարտող բոլոր կողմերի շահերին, քանի որ առավելապես ներքին խնդիրներով զբաղված Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համար ձեռնտու չէր ընդունել ցավագին զիջումներ ենթադրող որոշումներ:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ իրագործվող կարգավորման գործընթացը բավական դանդաղ էր եւ միապաղաղ, ու տեսանելի ապագայում որեւէ համաձայնություն չէր ուրվագծվում: Սակայն օգոստոսյան բախումներից հետո իրավիճակը փոխվել է. ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ նույնիսկ Թուրքիան՝ չնայած Հարավային Կովկասում ազդեցության համար մրցակցության հանգամանքին, միմյանց հաջորդելով, սկսեցին պնդել, որ հարկ է արագացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը»:

Ելնելով տարածաշրջանում իր ռազմավարական շահերից եւ Հայաստանի վրա զգալի ազդեցությունից, Ռոուսաստանը որոշեց հանդես գալ առաջնորդի դերում: Հոկտեմբերի 20-21-ին Երեւան կատարած այցի ընթացքում նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդես եկավ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությամբ: Առաջարկն ընդունվեց, եւ նոյեմբերի 2-ին երեք նախագահները Մոսկվայում՝ Մայնդորֆի դղյակում ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պարտավորվեցին ակտիվացնել ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Եվ այնուամենայնիվ, ըստ Jane's Intelligence-ի, առավել վիճահարույց ու սկզբունքային հարցի՝ Լեռնային Ղարաբաղի ապագա քաղաքական կարգավիճակի վերաբերյալ համաձայնություն տակավին չկա. - «Ադրբեջանը պատրաստ է տարածքին տալ բարձր աստիճանի ինքնավարություն, իսկ Հայաստանը, փաստորեն, դրա անկախությանն է ձգտում»:

2007 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ-ի միջնորդները կողմերին առաջարկել են մի նախագիծ, որում շարադրված են կարգավորման հիմնարար դրույթները, դրանք հայտնի են նաեւ որպես Մադրիդյան սկզբունքներ:

Ըստ նախագծի, հայկական ուժերը պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղի տարածքին հարակից բուն ադրբեջանական շրջաններից, ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան իրենց տները, պետք է վերաբացվեն տրանսպորստային եւ առեւտրային ուղիները, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը տարիներ անց պետք է լուծվի հանրաքվեի տարբերակով:

Ըստ Jane's Intelligence-ի զեկույցի, Մայնդորֆյան հռչակագիրը անցած գրեթե 15 տարիների ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների համատեղ կնքած առաջին փաստաթուղթն էր:

Հայ եւ ռուս պաշտոնյաները խոստովանել են, որ Մոսկվայի եւ Թբիլիսիի վեճն էապես ազդել է Հայաստանի վրա: Հակամարտությունը բացահայտել է Հայաստանի տնտեսության խոցելիությունը եւ «խափանել է Վրաստանի տարածքով Հայաստանի ու Ռուսաստանի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու փորձերը, ինչի արդյունքում Ռուսաստանի տրամադրության տակ մնացել են իր դաշնակցի տնտեսական հետագա մեկուսացումը կասեցնելու թույլ հնարավորություններ»:

Jane's Intelligence-ի փորձագետների կարծիքով, տնտեսական վիճակի հետագա վատթարացումը կարող է «Ռուսաստանի դաշնակցին ստիպել՝ կողմնորոշվել դեպի Արեւմուտք եւ ստեղծել Ղարաբաղի խնդրի կարգավորման այնպիսի պայմաններ, երբ Ռուսաստանը դրանում առաջատարի դեր չի ունենա: Սա, իհարկե, կհակասի արտասահմանում իր դերակատարության մասին Մոսկվայի պատկերացումներին, սակայն, մյուս կողմից, Ռուսաստանին կընձեռի տրանսպորտային նոր կապերի եւ Հայաստանի շուկաներ ֆիզիկապես հասնելու նոր հնարավորություններ»:

Զեկույցում ասվում է, թե ռուս-վրացական բախումը որոշակի լծակներ է տվել նաեւ Ադրբեջանին. Բաքվում վստահ են, որ միայն Ռուսաստանն է ի զորու Հայաստանին զիջումներ պարտադրել: Ուստի, Ադրբեջանը կարող է Ռուսաստանին առաջարկել ցամաքային կապ Հայաստանի հետ` դրա դիմաց ակնկալելով Ղարաբաղի հարցում ռուսների կողմից ճնշում Հայաստանի վրա:

«Ավելին, ռուսների հետ քննարկումներում Բաքուն կարող է ակնարկել, որ Ռուսաստանի հայամետ դիրքորոշումը թանկ գին ունի եւ նկատել տալ, որ ի պատասխան Ղարաբաղի հարցում ադրբեջանանպաստ լուծման, Ադրբեջանը կարող է հրաժարվել ռազմավարական այնպիսի ծրագրերից, ինչպիսիք են Տրանս-Կասպյան գազատարը, Նաբուքոն, ՎՈւԱՄ-ը եւ ՆԱՏ0-ին անդամակցելու մտադրությունը»:

Զեկույցում նշվում է, որ Արեւմուտքն էլ իր շահն ունի այդ խնդրում: Ռուս-վրացական պատերազմի ավարտից հետո ամերիկյան եւ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություններ են այցելել Հայաստան եւ Ադրբեջան, ինչը պայմանավորված է հակամարտության կարգավորումը ռուսների մենաշնորհը դարձնելու վտանգը կանխելու ցանկությամբ, քանի որ հակառակ դեպքում Արեւմուտքն էապես կկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում:

Ըստ զեկույցի, այդ երկյուղներն անհիմն չեն. Բաքվում բավական զայրացած են այն բանից, որ Արեւմուտքը համարժեք քայլեր չի ձեռնարկել ռուսների նկատմամբ, երբ նրանց բանակը ներխուժել է Վրաստան: Բացի այդ, ադրբեջանցիները համոզված են, որ տարածաշրջանում դեմոկրատիայի հարցերում Արեւմուտքը կրկնակի չափանիշներ է կիրառում:

«Եթե Ադրբեջանը վճռի առավելապես կապվել Ռուսաստանի հետ, ապա Արեւմուտքը կզրկվի էներգակիրների աղբյուրի այլընտրանքային կարեւոր աղբյուրից եւ տարանցիկ ճանապարհից, - փաստում են Jane's Intelligence-ի փորձագետները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG