Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ ուժի մեջ մտնող Երեւանի մասին օրենքը տարակերպ է մեկնաբանվում


«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, որն ուժի մեջ մտնում հունվարի 26-ին, ենթադրում է, որ մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 6-ը մայրաքաղաքի կառավարումը հանձնվելու է ավագանուն, որն էլ ընտրելու է քաղաքապետին:

Ըստ ուժի մեջ մտնող օրենքի, ավագանու ընտրություններն անցնելու են համամասնական սկզբունքով. կուսակցություններն են պայքարելու ավագանում ներկայացված լինելու համար: Քաղաքապետին ընտրելու է ավագանին:

Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր լրագրողներին ասաց, ու իրենց խմբակցությունը օրենքին դեմ էր քվեարկել հիմնականում այն պատճառով, որ քաղաքապետի ընտրությունը ուղղակի չի լինելու:

«Մենք գտնում ենք, որ Երեւան քաղաքում եւ ընդհանրապես մեր մշակույթի մեջ ավելի ճիշտ կլիներ, որպեսզի քաղաքապետը ընտրվեր ուղղակի ընտրությունների միջոցով», - ասաց Փոստանջյանը:

Իրավաբան Հրայր Թովմասյանի համար, մինչդեռ, ավելի ճիշտ է ներկայանում քաղաքապետի ընտրության օրենքով նախատեսված տարբերակը:

«Ասել, որ ուղղակի ընտրությունը ավելի լավ է, քան անուղղակին, նման հանցադրումը ինքնին հիմնազուրկ է, որովհետեւ պետք է լինեն ընտրություններ, ընտրությունները պետք է լինեն արդար», - բառացիորեն ասաց Թովմասյանը` շարունակելով. - «Ուղղակի ընտրություններ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու` սա կոնֆլիկտագեն համակարգ է, հատկապես այն առումով, երբ այս ուժերը կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»:

Նա օրինակ բերեց Ուկրաինան, որտեղ, իր խոսքով` մի փոքր ավելի բարձր մակարդակում նախագահը մեծամասնություն չունի խորհրդարանում:


Տաթեւիկ Լազարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG