Մատչելիության հղումներ

Վասիլի Ալեքսանյանի գործով դատավարությունը վերսկսվում է


Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը վերսկսում է ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի դատավարությունը: Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» գործակալությանը հայտնել է Մոսկվայի քաղաքային դատարանի մամլո քարտուղար Աննա Ուսաչյովան, հերթական դատական նիստը նշանակված է հունվարի 27-ին:

Ալեքսանյանի գործով դատավարությունը ընդհատվեց անցած տարվա փետրվարին` մեղադրյալի առողջական վիճակի պատճառով. նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ եւ քաղցկեղ: Տարեվերջին Մոսկվայի քաղաքային դատարանը փոխեց Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը` 50 միլիոն ռուբլի (մոտ 1,7 միլիոն դոլար) գրավի դիմաց ազատ արձակելով նրան:

Սիմոնովսկի շրջանի դատարանը այժմ տեղեկություններ է ստացել, որ Ալեքսանյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նրա առողջական վիճակը բարելավվել է, եւ նա կարող է մասնակցել դատական նիստերին, ինչի կապակցությամբ գործի վարույթը վերսկսվել է: Պաշտպանական կողմը, սակայն, դատարան է ներկայացրել տեղեկանք, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահը վատ ինքնազգացողության պատճառով չի կարող մասնակցել նիստերին: Ի վերջո, դատարանը որոշել է մեղադրյալի առողջական վիճակի մասին հարցում անել բժիշկներին:

Վասիլի Ալեքսանյանը մեղադրվում է փողերի լվացման, յուրացման եւ վատնման, հարկերից խուսափելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG