Մատչելիության հղումներ

Չորս լրագրողների աշխատանքը Նախիջեւանում խոչընդոտվել է


«Lրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` Նախիջեւանում սպառնացել եւ վտարել են չորս լրագրողների, որոնք գնացել էին հետաքննելու երկու մարդու` մոր եւ որդու անհետանալու հանգամանքները:

Մալահաթ Նասիբովան` «Թուրան» լրատվական գործակալությունից, Հաքիմելդոսթու Մեհդիեւը, Մահման Մեհդիեւը եւ Էլմար Աբասովը` Lրագրողների ազատության եւ պաշտպանության ինստիտուտից, հունվարի 16-ին ժամանել են Նախիջեւան` փորձելով հետաքննել երկու շաբաթ առաջ Սադարակ քաղաքից Խանիմզեր Հուսեյնովայի եւ նրա որդու` Էլվինի անհետանալու խորհրդավոր հանգամանքները, սակայն լրագրողներին սպառնացել ու վտարել են Նախիջեւանից:

«Չորս լրագրողներին սպառնալու ու վտարելու մոտեցումը անընդունելի է», - հայտարարել է «Lրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: - «Նրանց աշխատանքը կանխվել է առանց որեւէ հիմավորման: Ադրբեջանի իշխանությունները, ակնհայտորեն, ոչ միայն խոչընդոտում են, այլեւ ճնշում են մամուլի ազատությունը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ, որպեսզի լրատվամիջոցները ազատորեն ընտրեն այն թեմաները, որոնք ցանկանում են լուսաբանել»:

Դեկտեմբերի 24-ին Էլվինն ու եւս 6 երիտասարդներ ձերբակալվել էին. նրանք մեղադրվում էին Սադարակում տեղադրված տոնածառի լույսերն անջատելու փորձի մեջ: Բոլորի ծնողները հենց սկզբից բողոք են ներկայացրել ձերբակալություններն իրականացրած ոստիկանների դեմ, սակայն հետո հրաժարվել են իրենց բողոքներից` բացի Էլվինի ծնողներից: Էլվինի ծնողները ձերբակալվել են, հորը հոգեբուժական հիվանդանոց են տարել, իսկ հունվարի 8-ից Էլվինի ու մոր գտնվելու վայրը անհայտ է:

Երբ չորս լրագրողները Սադարակում հասել են Հուսեյնովի հայրական տուն, նրանք հարձակման են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից, որոնք ասել են, թե պետք է թույլտվություն ունենային շրջան այցելելու համար: Lրագրողներից մեկը` Հաքիմելդոսթու Մեհդիեւը ֆիզիկական բռնության է ենթարկվել: Նրանց նստեցրել են ավտոբուս ու վտարել Նախիջեւանից:

Lրագրողները կարծում են, որ քաղաքացիական հագուստով անձինք պաշտոնյաներ էին, քանի որ բոլորը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի լուսանկարով քարտեր են կրել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG