Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ը «Իրականանո՞ւմ են Խաչատուր Սուքիասյանի հոր սպառնալիքները» վերնագրի ներքո տեղեկացնում է. - «Երեկ առավոտյան հարձակման է ենթարկվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանը: Հանցագործը կտրող-ծակող առարկայով 4 անգամ հարվածել է նրան` պատճառելով ծանր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հայկ Բաբաջանյանը տեղափոխվել է Երեւան, որտեղ վիրահատվել է»: Թերթի վկայությամբ` Բաբաջանյանը վարում է «Բջնի»-ին վերաբերող կատարողական վարույթները:

«Ժամանակ» օրաթերթը զրուցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ունե՞ք ներկայացնելու բան Եվրոպային»: Հարությունյանը պատասխանում է. - «Ընդհանուր առմամբ այն, ինչ հայտնի է պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից: Ինչպես նաեւ սկսել են քննարկվել համապատասխան քրեական հոդվածների` 225-ի եւ 300-ի որոշակի վերանայումներ` հաշվի առնելով, որ 1609 բանաձեւում` մինչ այդ հանձնակատարի կարծիք էր հնչել նաեւ, որ այդ 2 հոդվածները չեն բավարարել իրավական որոշակիության պահանջներին: Եվ չեմ բացառում, որ մենք նման աշխատանքներ ձեռնարկենք»: Լրագրողի դիտարկմանը, թե ԵԽԽՎ-ի պահանջների մեջ էր նաեւ մարտի 1-ի գործի արդար դատավարության ապահովումը, անաչառ հետաքննության իրականացումը, իրական մեղավորներին պատժելը, եւ որ մինչեւ այժմ որեւէ մեկը, իրավապահ մարմնի որեւէ ներկայացուցիչ պատասխանատվության չի ենթարկվել հրազեն կիրառելու, մարդկանց սպանություններին համար, եւ հարցին` ի՞նչ եք պատասխանելու այդ հարցերին, Դավիթ Հարությունյանը արձագանքել է. - «Երկրում յուրաքանչյուր իշխանություն ունի իր պատասխանատվությունը: Գլխավոր դատախազն ունի պատասխանատվության իր աստիճանը եւ գործում է իր մանդատով, նա անկախ մարմին է: Այն, որ նման հարցադրումներ կան, իհարկե: Այն, որ նման հարցադրումները պետք է մանրազնին քննվեն, ես միանշանակ կողմնակից եմ: Ես կողմնակից եմ, որ փաստահավաք առաքելությունը կատարի իր աշխատանքը առավելագույնս լավ»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հայտնի է, որ «Մարտի 1»-ի գործով անցնող որոշ անձանց նկատմամբ քրեակատարողական հիմնարկներում բռնություն գործադրելու հաղորդումների առնչությամբ նշանակել եք ծառայողական քննություններ։ Ի՞նչ պարզվեց»: Նախարարը արձագանքում է. - «Բռնություն կիրառելու յուրաքանչյուր հաղորդման առնչությամբ, իսկ այդպիսիք ընդամենը երեքն են եղել, ես նշանակել եմ ծառայողական քննություն: Նկատեմ, որ ծառայողական քննությունների հիմքում դրվել է ոչ թե դատապարտյալների դիմումը, այլ լրատվամիջոցներում զետեղված տեղեկատվությունը կամ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը»: Հարց. - «Նախկինում տված դիմումներից քրեակատարողական հիմնակներում գտնվող անձանց հրաժարվելը երբեմն մեկնաբանվում է որպես անվստահության կամ կաշկանդվածության դրսեւորում: Մասնավորապես այն միտքն է ընդգծվում, որ այդ կալանավորվածները որոշ առումով վախենում են իրենց խցակիցներից»: Պատասխան. - «Դա ավելի քան անլուրջ ու անհիմն եզրակացություն է եւ առնվազն վկայում է ակնհայտ անիրազեկվածության մասին: Նախ, նույն այդ կալանավորվածները, երբ խոսքը գնում է ծառայողական քննության ընթացքում իրենց այլ խուց տեղափոխելու մասին, դժգոհություն են հայտնում եւ խնդրում իրենց վերադարձնել նախկին խուցը: Ի դեպ, նշված կալանավորվածների դժգոհության միակ առիթը հենց խուցը փոխելն է եղել... Իհարկե, հեշտ է եւ ոմանց համար պահի տեսանկյունից խիստ շահեկան ենթադրություններ անել, թե իբր «դաժան ծեծի» ենթարկված անձինք պարզապես վախենում են ճշմարտացի ցուցմունքներ տալ, սակայն նման ենթադրություններ անողները պետք է իրենց նեղություն տան, գոնե մի չնչին ապացույց կամ գոնե մի տրամաբանական պատճառաբանություն ներկայացնեն»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից արդեն գրեթե մեկ տարի է անցել, եւ հասարակությունը, բնականաբար, այսօր շատ ավելի մեծ ինֆորմացիա ունի այդ իրադարձությունների մասին, քան մարտի 1-ին հաջորդած օրերին: Բայց անցած 11 ամիսների արդյունքում ինչ-որ բան այնուամենայնիվ փոխվել է: Եվ դա` Սերժ Սարգսյանի իրականացրած «իմաստուն» քաղաքականության շնորհիվ: Անցած ամիսներին ոստիկանների «հոգեխանգարված» պահվածքը, խայտառակ դատավարություններն ու հանրապետական պատգամավորների` մեկը մեկից տխմար հայտարարությունները ի վերջո հանգեցրել են նրան, որ որպես մարտի 1-ի ոճրագործության խորհրդանիշ առաջին պլան է մղվել Սերժ Սարգսյանը: Հիշեք, թե ինչ հասարակական տրամադրություններ էին իշխում Հայաստանում մարտի 1-ից անմիջապես հետո: Բոլորը համոզված էին, որ այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն եւ հիմնական հանցագործը Ռոբերտ Քոչարյանն է: Իհարկե, մարդիկ հիմա էլ են դրանում համոզված, բայց փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մի տեսակ մոռացվել է: Պաշտոնը թողնելուց հետո նա մի երկու անգամ փորձեց հեռուստաէկրաններից ինչ-որ բաներ ասել, բայց շատ արագ հասկացավ, որ ճիշտը ձայնը կտրած տեղը նստելն է, ու այդպես էլ արեց: Իսկ ահա Սերժ Սարգսյանը «կուտը կերավ» եւ իր վրա վերցրեց մարտի 1-ի ոճրագործության շարունակությունը»:

«Այցելելով Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին (առիթն ամենաանմեղն էր` շնորհավորել մեր խորհրդարանի խոսնակին այդ պաշտոնում ընտրվելու առթիվ), Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ի թիվս այլ բաների, նշեց նաեւ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարեւորությունը: Այս առթիվ կարելի է ասել մեկ բան. հաճախ պարոն Բրայզայի ասածները դառնում են մեր լրագրողների, հասարակական գործիչների կծու մեկնաբանությունների առիթ: Սակայն չի կարելի չընդունել, որ նրա ասածները, ստուգման դեպքում, դառնում են իրականությանը շատ մոտիկ: Պարզապես, մենք թերեւս դեռ չենք ընտելացել նրանց բարձրաձայնման զուտ ամերիկյան` թեթեւ եւ ամենեւին ոչ պաշտոնական ձեւին: Մինչդեռ ժամանակն է ընտելանալու: Ու նաեւ հասկանալու, որ ամերիկյան դիվանագետը, իր ֆրանսիացի եւ ռուս գործընկերների նման, երբեք ոչինչ հենց այնպես չի ասում: Տվյալ դեպքում` ավելի շուտ Ղարաբաղի մասնակցության խնդիրը գտնվում է ակտիվ քննարկման փուլում, եւ միջնորդները գնալով ավելի շատ են հակվում այդ տարբերակին», - գտնում է «Նովոյե Վրեմյա»-ի մեկնաբանը:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG