Մատչելիության հղումներ

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը


Մոսկվայում շաբաթ օրը կայացած` գազային խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու եւ համաժողովին մասնակցելու համար: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ եղած հարաբերությունները` այն բնութագրելով որպես հուսալի եւ համարժեք հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդեւը նկատել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն անհամեմատ ավելի հարմարավետ են, քան այն բարդ խնդիրները, որոնք քննարկվել են առանձնազրույցին նախորդած միջազգային համաժողովի ընթացքում:

Սերժ Սարգսյանը, իր հերթին, կարեւորել է էներգետիկ բնագավառում Ռուսաստանի եւ «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը` այն գնահատելով որպես հուսալի եւ երկարաժամկետ շահերի վրա խարսխված: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում երեք անգամ ընդլայնվել են գազի սպառման ծավալները, իսկ գազիֆիկացման մակարդակով Հայաստանը առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն ԱՊՀ-ի տարածքում, այլեւ ամբողջ աշխարհում:

2008 թվականի տվյալներով` Հայաստանը տարեկան ներկրել է 2,5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, գազամատակարարումն իրականացնում է «Հայռուսգազարդ» ընկերությունը: Ներկայումս Հայաստանի 93 տոկոսը գազիֆիկացված է, եւ այդ ցուցանիշով, նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, Հայաստանը աշխարհում գտնվում է առաջին եռյակում, իսկ 2006 թվականից սկսած` այդ ցուցանիշով ԱՊՀ-ի տարածքում առաջինն է: Ըստ նույն աղբյուրի, աշխարհի այն երկրների շարքում, որոնք չունեն սեփական գազային պաշարներ, Հայաստանը գազիֆիկացման մակարդակով առաջին տեղում է:

Մոսկովյան համաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի նախագահները, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Եվրամիությունում նախագահող Չեխիայի կառավարությունների ղեկավարները եւ պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:

Համաժողովի բացման իր ելույթում Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ վերջին շրջանում գազամատակարարման հետ կապված խնդիրները շատ բարդ են, եւ մոսկովյան համաժողովը նպատակ ունի ուղիներ գտնել` ներկա իրավիճակը շտկելու համար: Մեդվեդեւը նշել է, որ անհրաժեշտ է հրատապ կերպով ստեղծված ճգնաժամի հաղթահարման լուծումներ գտնել` վերականգնելու համար Եվրոպա բնական գազի մատակարարումը, գտնելու գազի առաքման անխափան մեխանիզմներ, ինչը հնարավոր է հավաքական ջանքերի համադրմամբ:

Ռուսաստանի նախագահի գնահատմամբ` կյանքը ցույց է տվել, որ գործող գազամատակարարման համակարգը եւ միջազգային օրենսդրական դաշտը արդյունավետ չեն, եւ անհրաժեշտ է այդ ուղղությամբ եւս նոր լուծումներ առաջադրել:


(Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG