Մատչելիության հղումներ

Ամերիկյան Ջորջիա նահանգում հայերի հանցախումբ է բացահայտվել


Ամերիկյան լրատվամիջոցները այս օրերին պատմում են Ջորջիա նահանգում բացահայտված մի հանցախմբի մասին, որի անդամները ենթադրաբար ռուսական մաֆիային պատկանող եւ ապօրինի ճանապարհով Միացյալ Նահանգներ մուտք գործած չորս հայ երիտասարդներ են` Կարեն Խալաթյանը, Արա Ավտունին, Բորիս Թումասյանն ու Էդմոնդ Ալեքսանյանը:

FOXNews-ի ու CBS-ի հաղորդմամբ` վերջիններս օգոստոսին Գլենդեյլից տեղափոխվել եւ հաստատվել են Ալֆարետա քաղաքում ու ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մտել քաղաքի պատմության մեջ` որպես կեղծված կրեդիտ քարտերի միջոցով կատարված ամենամեծ կողոպուտի հեղինակները: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, մասնավորապես, հանցագործները շուրջ 4 ամսվա ընթացքում ավելի քան 150 հազար դոլար են հափշտակել տեղի բնակիչներից:

«Հանցախմբի մշակած սցենարը շատ լավ էր մտածված եւ կազմակերպված», - ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ջորջ Գորդոնը եւ մանրամասնել. - «Կասկածյալներից մեկը` Կարեն Խալաթյանը աշխատանքի է տեղավորվել բենզալցակայաններից մեկում, եւ գիշերային ժամերին` ավելորդ վկաներից հեռու, հաճախորդների կրեդիտ քարտերը լցակայանի տերմինալ ներմուծելու փոխարեն տեղադրել սեփական` կրկնօրինակող մեքենայում»:

Արդյունքում, օգտագործելով քաղաքացիների անձնական ու բանկային տվյալները, ավազակախումբը բազմացրել է քարտերը, հազարավոր դոլարներ հանել բանկոմատներից ու գնումներ կատարել խանութներում:

«Կասկածյալները կիրառել են ժամանակակից տեխնոլոգիաների` մեզ հանդիպած ամենաառաջատար միջոցները», - ասել է ոստիկանության ներկայացուցիչն ու հավելել. - «Հանցագործները, թերեւս, հույսները դրել են այն բանի վրա, որ քարտերի սեփականատերերը` Ալֆարետայի հարուստ բնակիչները, չեն նկատի կողոպուտը, սակայն սխալվել են իրենց հաշվարկներում»:

Առաջին բողոքը ոստիկանությունը ստացել է հանցախմբի գործունեության սկզբից շուրջ մեկ ամիս անց, իսկ արդեն հաջորդ ամիսներին տուժածների թիվը անցել է հարյուրից:

«Սա մեր պրատիկայում հանդիպած ամենակատարելագործված հանցագործությունն էր, սակայն, շնորհիվ հմուտ հետախուզության, այս անձինք ձերբակալվեցին», - նշել է Գորդոնը:

Հանցագործությունը բացահայտելու համար տեղի ոստիկանությունը ստիպված է եղել դիմել հատուկ ծառայությունների ու խուզարկուների օգնությանը: Քննությունը շարունակվել է շուրջ երկու ամիս, եւ 2008 թվականի դեկտեմբերին իրավապահները խուզարկել են ավազակախմբի վարձած բնակարանն ու հայտնաբերել 50 հազար դոլար կանխիկ գումար, քարտերի կրկնօրինակման եւ բազմացման տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ 10 հազար դոլարի հերոին եւ կոկաին:

Ավազախակմբի ներկայացուցիչներից երկուսը ձերբակալվել են, մյուս երկուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: «Մենք ի վերջո կգտնենք նրանց», - վստահեցնում են իրավապահները եւ ընդգծում. - «Կասկածյալներից յուրաքանչյուրին առաջադրվել է հարյուրից ավելի մեղադրանք, եւ եթե դրանք ապացուցվեն, նրանք բավական երկար ժամանակ կանցկացնեն դաշնային բանտերում»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG