Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները ավարտեցին երեւանյան հանդիպումները


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն իրենց երեւանյան հանդիպումները սկսեցին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպումից:

«Այսօր գլխավոր դատախազը ընդունել է [Մոնիթորինգի] հանձնաժողովի համազեկուցողների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է, մասնավորապես մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին, գործով որպես մեղադրյալներ ներգրավված անձանց առաջադրված մեղադրանքներին եւ նրանց կողմից կատարված գործողություններին տրված իրավական գնահատականներին վերաբերող հարցեր», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:

Հարցին, թե հետաքրքրվել են արդոք համազեկուցողները 10 զոհված անձանց մահվան հանգամանքների հետաքննության ընթացքով, գլխավոր դատախազի խոսնակը ասաց, որ քննարվել է, մասնավորապես այն երեք դեպքերի վերաբերյալ քրեական գործի ընթացքը, երբ մահվան պատճառ են հանդիսացել ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցները. - «Թե այդ ուղղությամբ ինչ առաջընթաց է արձանագրվել, եւ հաջողվել է արդյոք պարզել, թե ում գործողությունների հետեւանքով է, որ գրանցվել են այդ մահվան դեպքերը: Այս առումով գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ նախաքննական մարմնին օգնելու խնդրանքով դատախազությունը դիմել է մի շարք միջազգային կառույցների օգնությանը, սակայն բոլոր այդ մարմինները, որոնց թվում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակները, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, հրաժարվել են տրամադրել փորձագետներ` նշելով, որ նման պրակտիկա, փորձագետներ եւ սարքավորումներ իրենք չունեն»:

Սոնա Տռուզյանը ասաց նաեւ, որ դատախազությունը նամակագրական կապ է հաստատել Եվրախորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի առաջարկած գլխավոր մասնագետի հետ, վերջինիս տրամադրվել են կիրառված հատուկ միջոցի տեխնիկական բնութագիրը, լուսանկարները, այլ նյութեր. - «Մասնագետը գրավոր պատասխան է ուղարկել, որ հնարավոր չէ կատարել նույնացում, եւ ինքը չի կարող այդ հարցում մեզ օգտակար լինել»:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակը հայտնեց նաեւ, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել, մասնավորապես «7 մեղադրյալների մասով քրեական գործին». - «Անդրադարձ է եղել նրանց կատարած գործողությունների իրավական գնահատականին, եւ գլխավոր դատախազը հայտնել է դատախազության եւ նախաքննության մարմնի դիրքորոշումը. նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները եղել են ոչ թե ինքնանպատակ, այլ միջոց` պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելու համար: Նախաքննության ունեցած տվյալներով նշված 7 մեղադրյալները առանցքային դերակատարություն են ունեցել այդ անկարգությունների կազմակերպման գործում... Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ բոլոր 7 մեղադրյալներին մեղադրանքներ են առաջադրվել կոնկրետ գործողություններ կատարելու, կազմակերպելու համար»:

Հարկ է նշել, որ համազեկուցողները հանդիպումը Աղվան Հովսեփյանի հետ այնքան երկար է տեւել, որ չեղյալ է հայտարարվել օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հետ նախատեսված հանդիպումը:

Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը այսօր հանդիպել են նաեւ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծված փաստահավաք խմբի ներկայացուցիչների հետ:

Համազեկուցողները այսօր հանդիպել են նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, մարտի 1-2-ի իրադարձություններ ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Պրեսկոտի եւ Կոլոմբիեյի հետ հանդիպմանը ասել է, թե 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ուղղությամբ առաջընթաց է գրանցվել: Ավելին` Բաղդասարյանը նշել է, որ հունվարյան նստաշրջանում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կարող է երկիրը դուրս հանել բարեփոխումների ուղուց, ուստի Եվրոպայի խորհրդից ավելի հավասարակշռված դիրքորոշում է ակնկալվում:

Օրվա երկրորդ կեսին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեին եւ Ջոն Պրեսկոտին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին ԵԽԽՎ լիագումար նիստից առաջ Հայաստան այցելության համար եւ ընդգծել, որ ժողովրդավարության հետագա խորացումը բխում է հենց Հայաստանի Հանրապետության շահերից` բարձր գնահատելով Եվրոպայի Խորհրդի դերն այս ուղղությամբ: Հանրապետության Նախագահը վերահաստատել է հայաստանյան իշխանությունների վճռականությունը բանաձեւերի դրույթների իրականացման հարցում», - փոխանցում է նախագահի մամլո գրասենյակը:

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG