Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները հունվարի 15-ին կժամանեն Երեւան


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը, Ժորժ Կոլոմբիեն եւ հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը հունվարի 15-ին կժամանեն Երեւան:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն, համազեկուցողների այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:

Խորհրդարանում համազեկուցողներին կընդունեն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, փորձագետների փաստահավաք խմբի անդամները:

Հունվարի 15-ին Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հաջորդ օրը համազեկուցողները եւ հանձնաժողովի քարտուղարը կմեկնեն Երեւանից:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսից եւ Ազգային ժողովի միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ համազեկուցողների հետ հանդիպման առաջարկ իրենց առայժմ չի արվել:

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանից առաջ սա Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների վերջին այցն է Հայաստան` իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

ԵԽԽՎ-ի նստաշրջանը անցկացվելու է հունվարի 26-30-ը: Մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի իր նիստում առաջարկել է Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG