Մատչելիության հղումներ

Տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը 31-րդն է աշխարհի 179 պետությունների թվում


Ամերիկյան հեղիանակավոր Heritage հիմնադրամի եւ Wall Street Journal պարբերականի անցկացրած ամենամյա հետազոտության արդյունքներով, տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանն աշխարհի 179 պետությունների թվում 31-րդն է:

Նախորդ տարվա համեմատությամբ` Հայաստանի ցուցանիշներում մեծ փոփոխություններ չկան: Հետազոտության հեղինակները բոլոր պետությունները գնահատում են 100 բալանոց սիստեմով` հաշվի առնելով 10 տարբեր ցուցանիշներ` ներդրումներ կատարելու եւ բիզնես ծավալելու ազատությունից մինչեւ կոռուպցիայի մակարդակը տվյալ պետությունում:

Այս տարի Հայաստանը` 100 հնարավորից ստացել է 69 միավոր` 2008-ի 70-ի համեմատ: Այսպիսով, մեր երկիրը կրկին հայտնվել է չափավոր ազատ տնտեսություն ունեցող պետությունների խմբում` գրավելով ամենաբարձր տեղը ԱՊՀ-ի երկրների շարքում: Վրաստանը, ըստ հետազոտության արդյունքների, տնտեսական ազատությունների մակարդակով 32-րդն է, Ադրբեջանը 99-րդ տեղում է, Ոուսաստանը ցուցակի ետնապահների թվում է` զբաղեցնելով 146-րդ տեղը:

Ինչ վերաբերում է կոնկրետ ցուցանիշներին, ապա ամերիկացի վերլուծաբանները բավական բարձր են գնահատում Հայաստանում ձեւավորված բիզնես միջավայրը` որպես հիմք ընդունելով ինչպես պաշտոնական վիճակագրության տվյալները, այնպես էլ ազգային տնտեսությունը կարգավորող օրենսդրական ակտերում տեղ գտած դրույթները: Եվ եթե ներդումներ իրականանցնելու, հարկային վարչարարության կամ աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովելու կարողություններով մեր երկիրը բավական բարձր ցուցանիշներ է արձանագրել, ապա մասնավոր սեփականության իրավունքի անձեռմխելիությունն ու կոռուպցիայի ծավալները, ըստ ամերիկացի մասնագետների, մեր երկրի թույլ կողմերն են: Այստեղ Հայաստանի արձանագրած միավորները ցածր են` համապատասխանաբար 35 եւ 30:

Փոխարենը Հայաստանը` Վրաստանի եւ Lիտվայի հետ միասին, մատնանշվում է որպես ամենատպավորիչ տնտեսական ցուցանիշներ արձանագրած պետություններց մեկն աշխարհում:

«Վերջին 13 տարիներին այս երեք երկրները տնտեսական ցուցանիշներով առաջ են անցել աշխարհի պետությունների ավելի քան կեսից», - գրում են զեկույցի հեղինակներն ու մանրամասնում. - «Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի միջին աճը` 1996-ից 2008-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում, Վրաստանում եւ Lիտվայում` կազմել է 8 տոկոս»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG