Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպումներ կունենան քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ


Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակից, ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում Հայաստանին վերաբերող հարցի քննարկումը նախապատրաստելու նպատակով, հունվարի 15-ին երկրի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ կանցկացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացնում է իր մեկնաբանությունները Եվրախորհրդի` Հայաստանին վերաբերող բանաձեւերի իրականացման ուղղությամբ երկրի իշխանությունների վերաբերմունքի մասին:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները չեն կատարվել:

Հարցին, թե ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունը պատժամիջոցներից խուսափելու համար, Զուրաբյանը արձագանքեց. - «Ակնհայտ մի քայլ գոյություն ունի, որը պահանջում են բոլորը. պահանջում է միջազգային հանրությունը, պահանջում է մեր հասարակությունը, եւ որը կտրականապես կարող է փոխել քաղաքական մթնոլորտը Հայաստանում: Դա քաղբանտարկյալների ազատումն է»:

«Քաղբանտարկյալների ազատումից հետո կփոխվի իրավիճակը ե’ւ ներսում, ե’ւ դրսում», - շարունակեց նա: - «Ներսում կստեղծվեն իշխանությունների եւ ընդդիմության միջեւ քաղաքական երկխոսության պայմանները... Իսկ դրսում, բնականաբար, նույնպես իրավիճակը կփոխվի, եւ Հայաստանը կկարողանա խուսափել այսօր պատրաստվող սանկցիաներից»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ ասաց, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է ստվերային կառավարության ձեւավորման ուղղությամբ աշխատանքները:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG