Մատչելիության հղումներ

Ռուսական գազի մատակարարումը Եվրոպա դադարեցվեց ամբողջությամբ


Ուկրաինայի «Նաֆթոգազ» պետական ընկերությունը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը ամբողջովին դադարեցրել է գազի մատակարարումը Եվրոպա:

Ռումինիան, Չեխիան եւ Ավստրիան հաստատել են, որ անցած գիշեր Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով գազ չեն ստացել:

Եվրոպական սպառողներին ռուսական գազի մատակարարումը արդեն իսկ խիստ կրճատվել կամ որոշ դեպքերում դադարեցվել էր երեքշաբթի օրը:

Եվրամիությունը երեկ «բացարձակապես անընդունելի» էր որակել գազի մատակարարումների դադարեցումը եւ Ռուսաստանին ու Ուկրաինային կոչ արել կարգավորել առկա վեճը:

Ռուսական եւ ուկրաինական կողմերը միմյանց են մեղադրում ճգնաժամի համար, որը ծագեց հունվարի 1-ին, երբ «Գազպրոմ»-ը դադարեցրեց գազի մատակարարումը Ուկրաինային` պահանջելով վճարել կուտակված ավելի քան 2 միլիարդ դոլար պարտքը: Բացի այդ, Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է գազի դիմաց եվրոպական գին վճարել` հազար խորանարդ մետրի համար 418 դոլար. նախորդ տարի հազար խորանարդ մետր գազի դիմաց Ուկրաինան վճարում էր 179 դոլար 50 սենթ:

Պաշտոնական Կիեւը չհիմնավորված է համարում ռուսական կողմի ֆինանսական պահանջներն ու գազի գնի բարձրացումը` իր հերթին ասելով, թե բարձրացնում է իր տարածքով ռուսական գազի տարանցման գինը:

Ըստ ուկրաինացի պաշտոնյաների` երկու կողմերի միջեւ բանակցությունները կվերսկսվեն վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG