Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյան. «2008-ը կուլմինացիան էր այն իրավիճակի, որ ունեինք ի սկզբանե»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գնահատմամբ` 2008 թվականին էլ մարդու իրավունքների տեսանկյունից նույն խնդիրներն են եղել երկրում, ինչ նախորդ տարիներին: «Որեւէ ավելի ծանր վիճակ չկար, քան մինչեւ այս էր, 2008-ը պարզապես կուլմինացիան էր այն ամբողջ իրավիճակի` մարդու իրավունքների տեսակետից, ինչ մենք ունեինք ի սկզբանե», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց օմբուդսմենը:

«Մարտի 1»-ը որոշակիորեն հենց այդ կուլմինացիան էր, ինչ որ ես ասացի», - պարզաբանեց Արմեն Հարությունյանը: - «Հասարակությունում այդ արդարության դեֆիցիտն էր, եւ, ըստ էության, ոստիկանության եւ հասարակության մի զանգվածի միջեւ բախում եղավ, որը ավարտվեց նրանով, որ 10 քաղաքացի զոհվեցին, եւ դա արդեն բավական է, որպեսզի մենք մտածենք եւ հասկանանք, որ համակարգային փոփոխությունների կարիք ունենք»:

Անդրադառնալով միջազգային կառույցների բացասական գնահատականներին, մասնավորապես` Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի կոշտ հայտարարություններին եւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու` Մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկին, մարդու իրավունքների պաշտպանը ասաց. - «Տարօրինակ է, որ մենք ավելի շատ բեւեռվում ենք արտասահմանյան ինչ-որ մոտեցումների վրա: Սա մեզ համար էր ազդանշան, սա մեզ համար էր պետք, որպեսզի մենք հասկանայինք, որ ինչ-որ մի իրավիճակի ենք արդեն հասել, որ նախկին իշխանական համակարգով չի կարելի առաջ գնալ, նախկին քաղաքական համակարգով, ընդ որում` ես ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր մասն եմ քաղաքական համակարգի վերցնում, հնարավոր չէր առաջ գնալ: Դա արդեն չի աշխատում. հասարակությունը ավելի պրոգրեսիվ է դարձել, քան քաղաքական համակարգը»:

«Սա մեզ համար է ազդանշան, որ մենք հասկանանք եւ սկսենք բարեփոխումների ինչ-որ գործընթաց, հասկանանք` ինչ-որ բաներ պետք է մեր երկրում փոխվեն` տնտեսական ազատությունների, քաղաքական ազատությունների տեսակետից», - ընդգծեց Արմեն Հարությունյանը` եզրակացնելով. - «Չենք անի, ուրեմն` առաջընթաց չի լինելու»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG