Մատչելիության հղումներ

«7-ի գործով» դատական նիստը կրկին հետաձգվեց


Դեկտեմբերի 27-ին նշանակված` «7-ի գործով» դատական նիստը տեւեց մի քանի րոպե: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին որոշեց դատարանի դահլիճից հեռացնել ընդդիմադիր 7 գործիչներին, ովքեր այս անգամ նույնպես չարձագանքեցին «Ոտքի’, դատարանն է գալիս» հայտարարությանը եւ իրենց տեղերում նստած մնացին: Դատավորի մեկ այլ որոշմամբ դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 9-ը:

Դեկտեմբերի 23-ին կայացած դատական նիստի ժամանակ 7 կալանավորների նկատմամբ նույնպես սանկցիաներ էին կիրառվել «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար, եւ նրանք հեռացվել էին դատարանի դահլիճից:

Ինչպես իր հայտարարության մեջ ասաց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, «սա յուրատեսակ քաղաքական ակցիա է, բողոք` տեղի ունեցող ապօրինությունների դեմ»: «Ուզում եք 800 անգամ դուրս բերեք դահլիճից, մեկ է` չենք կանգնելու», - հայտարարեց Արզումանյանը:

«Եվ ընդհանրապես, ես ձեզ կոչ եմ անում մեզ դիմել միջազգայնորեն կիրառելի տերմինով: Ինձ, օրինակ, դիմելիս պարոն Արզումանյան կասեք, եւ ոչ թե` ամբաստանյալ Արզումանյան», - ասաց նախկին արտգործնախարարը:

Պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը հայտարարեց. - «Մենք անօրինական ենք համարում այս դատավարությունը եւ ոտքի չենք կանգնելու, որովհետեւ դատավորը ի սկզբանե արհամարհել է մեր իրավունքները»:

Մալխասյանը նաեւ կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանին` «ոչ դատավորներին, ոչ փաստաբաններին, ոչ տուժողներին եւ ոչ էլ լրագրողներին անհարմար իրավիճակի մեջ չդնելու համար նախագահը թող հրամանագիր ստորագրի եւ քանի տարի որոշել են` թող դատապարտի, վերջ դնի այս իրավիճակին»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նիստից հետո հանդիպել էր դատավորին:

«Օրենսգրքում գրված է, որ պետք է ոտքի կանգնեն, նա չի կարող դատական պրոցես սկսի` ի սկզբանե իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքով», - դատավորի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողներին պատմեց Արմեն Հարությունյանը: - «Այստեղ ինչ-որ տեղ փակուղային վիճակ է: Ինձ համար ընդունելի է ե’ւ ամբաստանյալների դիրքորոշումը, ե’ւ դատավորի: Վերջապես, մենք բոլորս այստեղ ենք, որպեսզի մեկ բան կարողանանք հասկանալ` քանի դեռ գործում է անմեղության կանխավարկածը, մեզ համար այս բոլոր մարդիկ անմեղ են: Ես եկել եմ այստեղ` հասկանամ, թե դատախազությունը, մեղադրող կողմը ինչպե՞ս է կարողանալու ապացուցի, որ հանձինս այս մարդկանց մենք ունենք հանցագործներ»:

Շաբաթ օրը եւս լրագրողներին թույլ չտվեցին մտնել դատարանի դահլիճ, այլ ուղեկցեցին առանձին սենյակ, որտեղից առաջարկվում էր հետեւել դատական նիստի ընթացքին, թեեւ դատարանի դահլիճը դատարկ էր` մեղադրյալների հարազատները որոշել էին դահլիճ չմտնել:

Հիշյալ գործով 7 ընդդիմադիր գործիչների` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներ են առաջադրվել: Մյասնիկ Մալխասյանին մեղադրանք է ներկայացվել նաեւ ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու, Սասուն Միքայելյանին` ապօրինի զենք կրելու մեջ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG