Մատչելիության հղումներ

Ղարաբաղում Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհուրդ է ստեղծվել


Լեռնային Ղարաբաղի մի խումբ հասարակական գործիչներ ստեղծել են Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհուրդ։

Ստեփանակերտի մամուլի ակումբի տարածած հաղորդագրության համաձայն` Խորհուրդը նպատակ ունի ի մի բերել Ղարաբաղում առկա մտավոր ներուժը եւ այն ի սպաս դնել «արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում Արցախի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծմանը»:

Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհուրդը պատրաստվում է «շահագրգիռ պետական եւ ոչ պետական կառույցների համար գործնական առաջարկություններ մշակել, այդ թվում՝ հանրապետության համար հրատապ հարցերի շուրջ հանրային քննարկումների միջոցով»։

Խորհուրդը գլխավորելու է Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը։

«Քաղաքացիական հասարակությունը իրավունք ունի մասնակցելու արտաքին քաղաքականության ձեւավորման հարցերում եւ հիմնականում դրանով է պայմանավորված այդ խորհրդի ստեղծումը», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Մասիս Մայիլյանը։

«Քաղաքական միտքը միշտ զարգացման կարիք ունի, եւ մենք, ունենք տարբեր տեղերում մտածող մարդկանց, թե' Ղարաբաղի ներսում, թե' Ղարաբաղից դուրս, դրա անհրաժեշտությունը կա, որ այդ ներուժը ի մի բերենք, հավաքենք այդ մտավոր ներուժը եւ ծառայեցնենք մեր հայրենիքին», - նշեց Մայիլյանը::


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG