Մատչելիության հղումներ

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողներին ծանուցագիր է ուղարկվել


Օգոստոսի 5-ին եւ 6-ին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ տեղի ունեցած միջադեպերի հետ կապված` օգոստոսի 12-ին քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողներ Գոհար Վեզիրյանի եւ Գագիկ Շամշյանի նկատմամբ: Երեկ երկու լրագրողներին ծանուցագրեր են ուղարկվել, որոնց համաձայն` Գոհար Վեզիրյանը եւ Գագիկ Շամշյանը չորեքշաբթի օրը պարտավոր են մեղադրյալի կարգավիճակով ներկայանալ Կենտրոնի քննչական բաժին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Չորրորդ իշխանություն» թերթի երկու լրագրողները նշեցին, որ տեղյակ չեն, թե իրենց կոնկրետ ի՞նչ մեղադրանք է առաջադրվել:

«Սմբատ Այվազյանի դատի ժամանակ, երբ դատավոր Գագիկ Ավետիսյանը ապօրինաբար որոշում կայացրեց եւ դատական կարգադրիչներին հրահանգեց դահլիճից դուրս բերել, մեկուսացնել ու ազատությունից մի քանի ժամ զրկել ինձ... ես ենթադրում եմ, որ այդ գործով են ինձ մեղադրյալ ճանաչել, այսինքն` «դատավորի նկատմամբ անհարգալից պահվածք» որակելով», - մեկնաբանեց Վեզիրյանը:

«Այդ միջադեպին ներկա են եղել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք շատ լավ տեսել են` ինչ է տեղի ունեցել: Իրականում դատավորը պետք է այդ գործով ներգրավված լիներ որպես մեղադրյալ, եւ ոչ թե ես կամ իմ գործընկեր Գագիկ Շամշյանը», - հայտարարեց Գոհար Վեզիրյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG