Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործով երկու ազատազրկվածներ դիմել են ներման համար


«Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության» համակարգող Արմեն Խաչատրյանի տեղեկություններով` «Մարտի 1»-ի գործով ազատազրկված Կարեն Թարխանյանը եւ Ավետիք Ղռեջյանը նախագահ Սերժ Սարգսյանին դիմել են իրենց ներում շնորհելու միջնորդությամբ:

Արմեն Խաչատրյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ներում շնորհելու միջնորդությամբ Հայաստանի նախագահին դիմած Կարեն Թարխանյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար»: Արմեն Խաչատրյանը նշեց, որ Կարեն Թարխանյանը կալանավայրում գրեթե կորցրել է տեսողությունը:

«Կարեն Թարխանյանը ունի առողջական շատ լուրջ խնդիրներ: Մի աչքը կույր է, մյուսը այդ վտանգի առաջ է, եւ իր բախտակից ընկերները, որոնք «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում էին, կոչով դիմել են Կարեն Թարխանյանին` օգտվել այդ հնարավորությունից` առողջությունը խնայելու նպատակով», - ասաց Խաչատրյանը: - «Կալանավորման պատճառով նրա մոտ տեսողության կտրուկ անկում սկսվեց, եւ փաստացի կուրացման վտանգ կա»:

Ըստ Արմեն Խաչատրյանի` նախագահ Սերժ Սարգսյանին ներման միջնորդությամբ դիմած երկրորդ անձը Ավետիք Ղռեջյանն է, որը ազատազրկման է դատապարտվել ապօրինի զենք կրելու մեղադրանքով: «Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության» կենտրոնը այժմ փորձում է պարզել, թե Ղռեջյանը ի՞նչ հանգամանքներում է ներման դիմում ներկայացրել:

Հինգշաբթի օրը արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող երկու անձ իրենց ներում շնորհելու միջնորդությամբ դիմել են Սերժ Սարգսյանին, սակայն առայժմ ձեռնպահ մնաց այլ մանրամասներ հաղորդելուց:

Ներման դիմումների առնչությամբ նախագահի նստավայրից առայժմ արձագանք չկա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG