Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը իր խորհրդաժողովը Վրաստանում չի անցկացնի


Հայ ազգային կոնգրեսը իր խորհրդաժողովն անցկացնելու համար Վրաստան չի մեկնի, փոխարենը` Հայաստանում մի փոքր դահլիճ կգտնի, որը իշխանությունների վերահսկողությունից դուրս կլինի, եւ այնտեղ դեկտեմբերի 21-ին, 22-ին կամ 23-ին կանցկացնի իր խորհրդաժողովը: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

Կառավարությունը ընդդիմությանը մերժել է տրամադրել կառավարության նիստերի դահլիճը դեկտեմբերի 19-ին, 21-ին, 22-ին եւ 23-ին, եւ ընդդիմությունը չէր բացառել խորհրդաժողովը Վրաստանում անցկացնելու տարբերակը:

Թե ինչու հարեւան երկիր մեկնելու տարբերակը փոխվեց Հայաստանում փոքր դահլիճ գտնելով` Լեւոն Զուրաբյանը այսպես բացատրեց. - «Բազմաթիվ գործոններ ենք կշռադատում` քաղաքական ազդեցությունը, հետեւանքները, ծախսերը, տեխնիկական խնդիրները, ի վերջո` նաեւ այն, որ իշխանությունները, որոնք շատ մանրախնդիր են եւ շատ պատրաստ, ըստ էության, ցանկացած խոչընդոտ մեր առջեւ կառուցելու, նրանք ամեն ինչ կարող են անել, կարող են նաեւ սահմանն էլ փակել, օրինակի համար»:

Այսօր Հայ ազգային կոնգրեսը նաեւ հայտարարություն է տարածել դեկտեմբերի 19-ին սկսվող «7-ի գործով» դատավարության վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է. - «Իշխանությունների կողմից կազմակերպված այդ դատավարությունը իրականում փետրվարի 19-ի ընտրություններին իր կամքը արտահայտած ու ընտրակեղծիքների դեմ ոտքի ելած հայ ժողովրդի դատաստանն է»: Հետեւաբար, կոնգրեսը կոչ է անում «բոլոր նրանց, ում համար թանկ է ազատությունն ու մարդու իրավունքները, ներկա լինել այս դատավարությանը»:

«Ազատության համար պայքարող յոթ ընդդիմադիր գործիչների նկատմամբ այս դատավարությունը մենք կվերածենք դատավարության ամբողջ փչացած իշխանական համակարգի նկատմամբ: Այս դատավարության ընթացքում կբացահայտվեն մարտիմեկյան հանցագործության իրական կազմակերպիչները, սեփական ժողովրդի վրա կրակելու հրաման տված վարչախումբը, քաղաքական հետապնդումների նրա ապօրինի պատվերը իրականացրած ծախու դատախազները, քննիչները եւ ոստիկանները», - հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը:

Հիշյալ գործով անցնող 7 գործիչները, որոնք Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ակտիվիստներից են, իսկ նրանից 3-ը Ազգային ժողովի պատգամավորներ են, մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 հոդվածով` «պետական իշխանության յուրացում», եւ 225 հոդվածի երկրորդ մասով` «զանգվածային անկարգություններ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG