Մատչելիության հղումներ

Թբիլիսի է ժամանում ռուս-վրացական պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնախմբի ղեկավարը


Այսօր Թբիլիսի է ժամանում օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական կարճատեւ պատերազմի հանգամանքները Եվրոպական միության հանձնարարությամբ ուսումնասիրող հատուկ հանձնախմբի ղեկավար, շվեյցարացի դիվանագետ Հեյդի Տալիավինին:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն երեկ ասել է, որ այս հարցում Եվրամիության ջանքերով իրականացվող հետաքննությանն աջակցելը բխում է Վրաստանի շահերից:

«Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պարզորոշ հայտնել է, որ պատրաստ է համագործակցել հանձնախմբի հետ, որովհետեւ մեր դատն արդար է, մենք թաքցնելու ոչինչ չունենք, մենք ենք դարձել ռուսական նվաճողականության զոհը», - ասել է Վաշաձեն:

Նրա խոսքերով, այսօրվա հանդիպումների օրակարգում կոնկրետ քննարկումներ նախատեսված չեն, այցը առավելապես նախապատրաստական նպատակ ունի:

Հեյդի Տալիավինին իր այս առաքելության հարցը արդեն քննարկել է ռուսական կողմի հետ. դեկտեմբերի 9-ին Մոսկվայում նրան ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը:

Հրապարակելով 58-ամյա շվեյցարացի դիվանագետին այս առաքելությունը հանձնարարելու մասին որոշումը` Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդներն ասել է, որ «տիկին Տալիավինին հրաշալի ընտրություն է, նա շատ փորձառու է եւ լավ գիտի տարածաշրջանը»:

Հեյդի Տալիավինին 1995 թվականին եղել է Չեչնիային աջակցելու հարցով ԵԱՀԿ-ի խմբի անդամ, 1998-99 թվականներին ղեկավարել է Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդների թիմը, 2001-2002 թվականներին աշխատել է որպես Շվեյցարիայի դեսպան Բոսնիա-Հերցեգովինայում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG