Մատչելիության հղումներ

Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչները բողոքի երթ են անցկացրել


Այսօր Երեւանի Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչները երթ էին կազմակերպել դեպի նախագահի նստավայր` բողոքելով իրացման գոտում հայտնված իրենց շենքերի քանդման եւ դրանց տեղում «էլիտար» շենքեր կառուցելու որոշման դեմ: Բնակիչները պնդում են, որ այդ շենքերը քանդելու փոխարեն պետք է սալիկապատել, կամ, եթե քանդելն անխուսափելի է` պահանջում են վերանայել որպես փոխահատուցում իրենց բնակարանների մեկ քառակուսի մետրի դիմաց առաջարկվող սակագինը:

Ի նշան բողոքի, բնակիչները մի քանի օր է, ինչ իրենց շենքերի պատշգամբներում նաեւ ՍՕՍ մակագրությամբ պաստառներ եւ Հայաստանի դրոշներ են կախել:

Մինչեւ երթի անցկացումը բնակիչների հետ հանդիպեցին «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» (ԾԻԳ) տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը:

ԾԻԳ-ի տնօրենը բնակիչներին ներկայացրեց իր առաջարկները, - «Կոնկրետ ձեր գումարը վերանայում ենք, այսինքն` գալիս ենք համաձայնության, որ ձեզ էլ է ձեռ տալիս, ներդրողին էլ: Գնահատման հետ համաձայն չե՞ք, ասում եք, որ մենք` այսքան ենք ուզում: Նստում ենք, նայում ենք»:

Ռոբերտ Հարությունյանը բնակիչներին նաեւ առաջարկեց իրենց շենքի տեղում կառուցվելիք «էլիտար» շենքում բնակարան ստանալու տարբերակը եւ տեղեկացրեց, որ 93 բնակիչներից 25-ի հետ արդեն պայմանագրեր են կնքվել:

Մոտ մեկ ժամ տեւած բանակցությունից հետո բնակիչները, այնուամենայնիվ, որոշեցին շարժվել դեպի նախագահի նստավայր, թեեւ ոմանց ԾԻԳ-ի տնօրենի խոստումները հուսադրել էին:

Հասնելով նախագահի նստավայր` բնակիչներից մի քանիսը մտան նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին: Որոշ ժամանակ անց, դուրս գալով նամակների բաժնից, Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը հայտարարեց, որ հանդիպել են ոմն Աիդա Ասատրյանի հետ, որը խոստացել է, որ բնակիչների մտահոգությունները հաշվի կառնվեն:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG