Մատչելիության հղումներ

Մոսկվայի իշխանությունները առաջարկում են օտարերկրացի աշխատողների քվոտաներ սահմանել


Մոսկվայի իշխանությունները առաջարկում են օտարերկրացի աշխատողների վճարովի քվոտաներ սահմանել գործատուների համար: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի միջտարածաշրջանային կապերի եւ ազգային քաղաքականության կոմիտեի ղեկավար Միխայիլ Սոլոմենցեւը:

«Միջազգային միգրացիան բարիք չէ երկրի համար, վաղուց է հայտնի, որ դրա աճը ազդում է այն երկրի աշխատողների բարեկեցության վրա, ուր նրանք [միգրանտները] ժամանում են», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Սոլոմենցեւը: - «Պետք է այնպես անել, որպեսզի գործատուին ձեռնտու չլինի վերցնել օտարերկրացի աշխատողի, օրինակ` նրանից փող գանձել»:

Մոսկվայի իշխանությունների ներկայացուցչի կարծիքով, եթե օտարերկրացի աշխատողների մեծ թիվը գործատուի համար անշահավետ դառնա, նա կներգրավի ռուսաստանցի մասնագետների, ինչը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա:

Միխայիլ Սոլոմենցեւը հայտնել է նաեւ, որ քաղաքային իշխանությունները մտադիր են 2009 թվականից օտարերկրացի աշխատողների համար սահմանել «հյուրի քարտ»: Դա իրենից ներկայացնելու է էլեկտրոնային չիպ, որում ամփոփված կլինի եկվորին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, եւ ոստիկանության աշխատակիցները ի վիճակի կլինեն հատուկ սարքերի միջոցով անմիջապես տեղեկանալ, թե ինչով է զբաղվում տվյալ անձը Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG