Մատչելիության հղումներ

Հրապարակվեց Արթուր Ռինոյի եւ մյուսների գործով դատավճիռը


Մոսկվայի քաղաքային դատարանը այսօր հրապարակել է Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեւսկու գլխավորած սքինհեդների խմբավորման գործով դատավճիռը: Խմբավորման անդամները երկու տասնյակ կովկասցիների սպանությունների եւ մեկ տասնյակից ավելի մահափորձերի համար դատապարտվել են 6-ից մինչեւ 20 տարվա ազատազրկման:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` խմբավորման պարագլուխներ Ռինոն եւ Սկաչեւսկին դատապարտվել են 10-ական տարվա ազատազրկման. դա Ռուսաստանում առավելագույն պատժաչափն է անչափահասների համար, իսկ նրանք հանցագործությունները կատարելու ժամանակ անչափահաս են եղել: Ամենամեծ պատժաչափը սահմանվել է 20-ամյա Ռոման Կուզինի նկատմամբ` 20 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում: Իվան Կիտայկինի եւ Ալեքսանդր Անիկինի նկատմամբ սահմանվել է 9-ական տարվա ազատազրկում: Վիտալի Նիկիտինը դատապարտվել է 12, Դենիս Լավրիենկովը` 6 տարվա ազատազրկման:

Հոկտեմբերի սկզբին մեկնարկած դատավարության ընթացքում խմբի բոլոր 7 անդամները ընդունել են իրենց մեղքը: Ինքը` Արթուր Ռինոն նոյեմբերի 17-ին տված խոստովանական ցուցմունքներում հայտարարել է, թե իրենք «ճիշտ ուղղությամբ են գործել, բայց` սխալ մեթոդներով»: Նրա խոսքերով` սպանությունների դրդապատճառը եղել է կովկասցիների նկատմամբ ատելությունը եւ Մոսկվան նրանցից «մաքրելու» ցանկությունը:

17-ամյա ուսանողներ Արթուր Ռինոն, Պավել Սկաչեւսկին եւ նրանց ընկերները ձերբակալվել են 2007 թվականի ապրիլին` Մոսկվայում հայազգի գործարար, 46-ամյա Կարեն Աբրահամյանի սպանության համար: «Գորմետ» ընկերության գլխավոր տնօրեն Աբրահամյանին նրանք դաժան ծեծի էին ենթարկել եւ դանակահարել աշխատանքից վերադառնալու պահին:

Խմբավորման անդամների ձերբակալությունից հետո պարզվել է, որ 2006 թվականի օգոստոսից մինչեւ 2007 թվականի հոկտեմբեր նրանք 20 կովկասցու են սպանել, եւս 12-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցրել: Արթուր Ռինոն իր նախաքննական ցուցմունքներում անմիջապես խոստովանել է դա` մանրամասնորեն պատմելով, թե ինչպես է «մահապատիժներ ի կատար ածել» եւ «քաղաքը մաքրել»: Իրենց գործողությունները սքինհեդները նկարահանել էին ու տեսագրությունը տեղադրել ինտերնետում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG