Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ը նկատում է. – «Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը հայտարարել է, որ Վրաստանից ընդդիմությունը զենք է տեղափոխել Հայաստան, իսկ երբ լրագրողները հարցրել են, թե ինչո՞ւ չեն դիմում վրացական իշխանություններին` դրա հանգամանքները ճշտելու համար, ասել է, թե այդ լուրերը ճշտված չեն: Երեկ Հայ ազգային կոնգրեսը դեռ պատասխան չէր ստացել իր` դահլիճ տրամադրելու դիմումին: Հայ ազգային կոնգրեսից հայտարարել են, որ եթե մերժում ստանան, հնարավոր է համաժողովն անեն Վրաստանում: Դե եթե այնտեղից զենք են «ներկրում», ինչո՞ւ չեն կարող նաեւ համաժողով անել: Փաստորեն` վրաց իշխանություններն աջակցում են մեր ընդդիմությանը»:

«Գոլոս արմենիի»-ն տեղեկացնում է. - «Երեւանում, կառավության Հ.1 շենքի բակում կառավարության թույլտվությամբ պետք է կառուցվի նոր վարչական շենք: Ինչպես հաղորդում են կառավարության մամլո ծառայությունից, շենքը կառուցվում է պետական կառավարման մարմինները լրացուցիչ վարչական տարածքներով ապահովելու նպատակով: Բայցեւ, չի կարելի լռել. վարչապետության առաջին իսկ օրերից Տիգրան Սարգսյանը որոշեց բարձրացնել պետական մարմինների աշխատանքի արդյունավետությունը, ընդունելով, որ այդ հարցում առկա է ակնհայտ բացթողում: Այսպիսով` կառավարության ղեկավարը փաստացի հայտարարեց պետական ապարատի օպտիմիզացիայի մասին: Մինչդեռ, նոր կառավարական շենքի կառուցումը հակասության մեջ է մտնում վարչապետի հայտարարած օպտիմիզացիոն քաղաքականության հետ: Չէ՞ որ պետաշխատողների համար տարածքային պաշարների ընդլայնումը նշանակում է նաեւ կադրային ռեսուրսների համապատասխան ընդլայնում: Այսինքն` պետական մարմիններում աշխատատեղերի կրճատում չի նախատեսվում: Համապատասխանաբար, չի նախատեսվում նաեւ պետական մարմինների առանց այն էլ ուռճացված ապարատների աշխատանքի արդյունավետության աճ»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Հայաստանում տնտեսական ճգնաժամն օրեցօր խորանում է: Միացյալ ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, Հայաստանի բնակչության 21տոկոսը թերսնվում է (Վրաստանում, օրինակ, այդ ցուցանիշը 13 տոկոս է): Իշխանությունները նույնպես հասկանում են, որ վիճակը ծանր է: Բայց քանի որ ցանկացած հարցի լուծման նրանց իմացած միակ ձեւն ինչ-որ տեղից փող «կպցնելն» է, նրանց ուղեղներն աշխատում են միայն այդ ուղղությամբ: Համաշխարհային բանկից մեկ միլիարդ դոլար ուզեցին, Ռուսաստանից փող ուզեցին եւ այլն: Մի խոսքով, դրսից փող «կպցնել» չի ստացվում: Եվ ամենացավալին այն է, որ դրա միակ պատճառը Հայաստանի իշխանությունների վարած, մեղմ ասած, հիմար քաղաքականությունն է: Մեծ հաշվով` ստացվում է, որ Հայաստանը 2009-ին չի կարողանալու դիմակայել ճգնաժամի հետեւանքներին, գործազրկությունն աճելու է, թերսնվողների տոկոսը մեծանալու է: Իսկ սովորաբար ի՞նչ են անում իշխանությունները, եթե չեն կարողանում դրսից փող «կպցնել»: Ճիշտ է, որոշում են ներսից ճարել այդ փողը: Դրա համար էլ համաշխարհային ճգնաժամի պայմաններում բոլոր երկրները որոշում են իջեցնել հարկերը, որպեսզի գոնե ինչ-որ չափով օգնեն տնտեսությանը, իսկ Հայաստանում ճիշտ հակառակ գործընթացն է` հարկային տեռորն օրեցօր ավելի ու ավելի դաժան կերպարանք է ստանում»:

«Հայոց աշխարհ»-ը վերլուծում է. - «Հաճախ է վիճակվում լսել, թե իշխանությունը թմրանյութ է։ Ցավոք, դա պատկերավոր արտահայտություն չէ, այլ հաստատված բժշկական փաստ է։ Եվ հենց սույն փաստով էլ բացատրվում է այն տխուր փաստը, որ իշխանությունից զրկված յուրաքանչյուր ոք հաջորդ օրն իսկ սկսում է պայքարել իշխանության համար։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ արյան մեջ «երջանկության հորմոնների» բարձրակետին, ամենավերին մակարդակին հասնում են միայն նրանք, որոնց համար իշխանությունն ինքնանպատակ է։ Իսկ նրանք, ովքեր վերածում են դա, օրինակ, փող վաստակելու միջոցի, անխուսափելիորեն տանուլ են տալիս իշխանությունը հանուն իշխանության սիրող քաղաքական գործիչներին։ Այն քաղաքական գործիչները, որոնց համար իշխանությունը միջոց է, այլ ոչ թե նպատակ, որպես կանոն, միշտ մտածում են տանուլ տալու հնարավորության մասին եւ պահուստային տարբերակներ նախապատրաստում իրենց համար։ Իշխանության ֆանատիկոսների համար այն կորցնելուց հետո կարեւոր է գտնել այնպիսի մի գործ կամ զբաղմունք, որը կապահովի արյան մեջ բնական թմրանյութերի նախկին մակարդակի հետ համեմատելի դոզան»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Քաղբանտարկյալները վաղուց արդեն հստակ ձեւակերպել են իրենց վերաբերմունքը այսպես կոչված համաներման վերաբերյալ: Սերժ Սարգսյանը համաներում-ներում տարբերակների միջեւ ընտրություն կատարեց երկրորդի օգտին: Եվ սա շատ կարեւոր է այս խնդրի նկատմամբ նրա հոգեբանական վերաբերմունքը, ընկալումը հասկանալու համար: Համաներման եւ ներման միջեւ մի շարք տարբերություններ կան, բայց այս տարբերություններից ուզում եմ ընդգծել հետեւյալը. համաներումը ենթադրում է սկզբունքի կիրառում, իսկ ներումը անձնական մոտեցում է ենթադրում: Եվ որպեսզի անձը ներման արժանանա, անհրաժեշտ է երեք պայման` նա պետք է իրեն մեղավոր ճանաչի եւ որ կարեւոր է տվյալ իրավիճակում`պետք է Սերժ Սարգսյանին ճանաչի որպես նախագահ, իսկ որ ամենակարեւորն է` Սերժ Սարգսյանը պետք է որոշի, որ տվյալ անձը արժանի է ներման: Հատկապես մարտի 1-ի իրադարձությունների համատեքստում այս նրբությունները հատուկ կարեւորություն են ստանում, եւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ներման դիմումներ գրելու անուղղակի կոչ հղելով քաղբանտարկյալներին` երեք խնդիր է ուզում լուծել: Առաջինը` ցույց տալ, որ քաղբանտարկյալները այլեւս ոչ մի հույս չեն կապում ազատության մեջ գտնվող իրենց ընկերների հետ: Երկրորդը` ցույց տալ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրեն ճանաչում են որպես նախագահ: Եւ ամենակարեւորը, ամենակարեւորը` Սերժ Սարգսյանի համար. նա հույս ունի, որ ընդդիմության որեւէ հանրահայտ գործիչ իրեն ներման դիմում կգրի, իսկ ինքը այդ դիմումը քննարկելով` կորոշի մերժել այն»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG