Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա` գլխավոր դատախազության շենքի մոտ


Այսօր` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, բազմամարդ բողոքի ակցիա անցկացվեց Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ:

Ի պաշտպանություն մարտի 1-ի գործով կալանավորվածների բողոքի ակցիայի մասնակիցներից ՀՀՇ-ի ղեկավար անդամ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Արդեն ազատված տղաները իրենց աջակցությունն են հայտնում նստած տղաներին: Մարդու իրավունքների պաշտպանության խնդիր ունենք: Մեր երկրում բացարձակ ոտնահարված, ոտնակոխ արված մի ինստիտուտ է մարդու իրավունքները... Այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի 60-ամյակն է... Մենք այսօր միայն Հայաստանում ունենք ավելի շատ քաղբանտարկյալ, քան ամբողջ Եվրոպան միասին»:

«Միացում» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ակցիայի նպատակը «ժողովրդի կամքի դրսեւորումն է». - «Պայքարը շարունակվելու է այնքան, մինչեւ հասնի իր արդյունքին: Արդյունքն էլ այս ռեժիմի պարագլուխներին պատասխանատվության ենթարկելն է»:

Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի խոսքով, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պիտի գիտակցի, որ «ոչ միայն այդ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ են,... այլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պատանդ է, քաղբանտարկյալ է»:

«Որովհետեւ այն տեսակը, որ զավթել է իշխանությունը, ոչ միայն ազատությանն են դեմ, այլ բոլոր մարդկային արժանիքները ոտնահարել են», - հավելեց նա:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ներսիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես համարում եմ, որ մեր ամբողջ ժողովուրդն է քաղբանտարկյալի կարգավիճակում այս պահին: Եվ ժողովուրդ ասելով, ես նկատի ունեմ նաեւ այսօրվա պաշտոնյաներին. նրանց, ովքեր այսօր կերակրատաշտակների մոտ են, բայց չեն գիտակցում, որ իրենք քաղբանտարկյալներ են»:

Ցուցարարները դատախազության շենքի մոտից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ ակցիան ավարտվեց:



Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG