Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չորրորդ իշխանություն»-ը անդրադարձել է նախորդ օրվա բաց նամակին, որ ստորագրել էին մոտ 300 անվանի արվեստագետներ ու մտավորականներ: Թերթը գրում է. - «Անկեղծ ասած, տեսնելով այդ նամակը, մտածեցինք, թե վերջապես հայ մտավորականության սերուցքը որոշել է միասնաբար իր ձայնը բարձրացել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, եւ Քաղբանտարկյալների միջազգային օրվա խորհուրդը հաշվի առնելով` դիմել Սերժ Սարգսյանին ու նրան հորդորել ազատ արձակել քաղբանտարկյալներին: Պարզվեց` բաց նամակը Թուրքիայի նախագահին էր ուղղված: Այդ նամակով հայ մտավորականները կոչ էին անում նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, լավ է, որ հայ մտավորականները, արվեստագետները, գիտնականները, լրատվամիջոցների ղեկավարները եւ այլոք հանդես են գալիս նման միասնական նախաձեռնությամբ: Բայց, մեր մեջ ասած, ինչ-որ չենք հիշում, որ այդ նույն էլիտան դրան հաջորդած եւ առ այսօր շարունակվող դատաիրավական տեռորի կապակցությամբ հանդես եկած լինի միասնական դիրքորոշմամբ եւ նման մի նամակ էլ Սերժ Սարգսյանին գրած լինի»:

Խնդրին անդրադառնում է նաեւ lragir.am-ը. - «Կարեւորը, իհարկե, այն է, որ Գյուլը կարդա այդ նամակը: Իհարկե, մի քիչ դժվար է պատկերացնել, որ Գյուլն այդ նամակը կկարդա եւ հուզմունքից անմիջապես կճանաչի Ցեղասպանությունը: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե Գյուլը նամակը կկարդա ու կսկսի մտածել դրա մեջ արտահայտված մտքերի կապակցությամբ, կամ ըստ նամակի բովանդակության կվերանայի թուրք ժողովրդի շահերի մասին իր պատկերացումը եւ կորդեգրի բոլորովին այլ քաղաքականություն: Բայց այդ դեպքում էլ, եթե Գյուլը կարդում է, բայց ոչ ազդվում է, ոչ կարմրում, ոչ մտածում եւ ոչ էլ ամաչում, հայաստանցի մտավորականների աշխատանքը դառնում է բացարձակապես անիմաստ: Ինչ այլ խնդիր կարող է լուծել Թուրքիայի նախագահին ուղղված այդ նամակը: Այն, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բանական քաղաքացիներն էլ համարում են, որ հայերի ցեղասպանությունը պետք է ճանաչվի, եւ առաջին հերթին դա պետք է անի Թուրքիան, կարծես թե որեւէ մեկի համար պետք է չլինի կասկածի հարց` թե Հայաստանում, թե Թուրքիայում: Հետեւաբար ում է ինչ ցույց տալիս այդ նամակը: Ավելին, նամակը փաստացի հակադրվում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որի մշակները հայտարարում են, որ կողմ են Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերություն հաստատելուն, եւ Ցեղասպանության ճանաչումն այդ հարաբերության հաստատման գործընթացում պայման չէ»:

«Հայք»-ը զրուցել է ՀՀՇ-ի վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ: Նա անդրադառնում է Թոմաս Համմարբերգի` վերջերս հնչեցրած խիստ գնահատականներին. - «Համմարբերգը ոչ թե կոշտ, այլ շատ արդար եւ ճիշտ հայտարարություններ արեց: Հատուկ իշխանությունների համար ուզում եմ շեշտել, որ Համմարբերգը ոչ թե սովորական անհատ է, այլ մի ամբողջ ինստիտուտ: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը միշտ էլ ճիշտ է ընկալել Հայաստանում ընթացող գործընթացները, հատկապես` քաղբանտարկյալների հետ կապված խնդիրները: Առաջին անգամ քաղբանտարկյալներին այդ տերմինով կոչեց Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը»: Նա նաեւ անդրադառնում է այն հարցին, թե` Համմարբերգը այդ գնահատականները տվել է ընդդիմության ճնշումների ներքո. - «Այդ մարդիկ պարզապես չեն ճանաչում Համմարբերգին: Այդ մարդը որեւէ ճնշումների` այդ թվում իր պետության ճնշումներին չի ենթարկվում: Ուր մնաց Հայաստանի ընդդիմության ճնշումներին ենթարկվի: Այդ ի՞նչ ճնշում պիտի կիրառի ընդդիմությունը, որ Համմարբերգը փոխի իր կարծիքը»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի հետ, որը նկատում է. - «Առանձին դրվագների համադրման արդյունքում ստացվող պատկերներից շատերը տպավորություն են առաջացնում, որ հաճախ արմատականներն ու իրավապահները նույնիսկ անուղղակիորեն համագործակցել են։ Ոստիկանները որոշ դեպքերում այնպիսի գործողություններ են կատարել, որոնք պետք է առաջացնեին ցուցարարների հակազդեցությունը։ Միաժամանակ ակնհայտ է, որ արմատականների որոշ գործիչներ էլ այնպիսի իրավիճակներ են հրահրել, որ բախում տեղի ունենա եւ ոստիկաններին ուժ գործադրելու համար մեղադրելու հնարավորություն առաջանա։ Այս իրադրությունում երկու կողմերն էլ առաջնորդվել են իրենց շահերով ու ոտնահարել են ժողովրդի շահերը։ Ոստիկանություն-արմատականներ բանակցությունների ընթացքը եւս կասկածներ է առաջացնում, որ երկու կողմերն էլ միտումնավոր հապաղել են, որ ուժ գործադրելու հնարավորություն առաջանա»։

«Հրապարակ»-ը գրում է. - «Հայաստանի իշխանությունների ինչին էր պետք այդքան արագ կարգով փոփոխություններ անել «Հանրաքվեի մասին» օրենքում` հայտնի է թերեւս միայն իրենց... Այն իմաստով, որ եթե անհրաժեշտ է եղել հանրաքվե անցկացնել, նշանակում է` ինչ-որ մութ բան են մտածել: Այս անգամ ընդդիմությունը եւ օրինագծին դեմ քվեարկած պատգամավորները կարծիք հայտնեցին, որ իշխանությունը նպատակ ունի կառավարության կողմից հանրաքվեի դնել Լեռնային Ղարաբաղի հարցը` նրա մոտալուտ լուծմվան դեպքում: Այդ մտադրությունը շատերը համարում են հերթական արկածախնդրություն` հասարակության վրա պատասխանատվություն դնելու հաշվարկով»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG