Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թերթերը շարունակում են անդրադառնալ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը Հայաստանի վրա: «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, պարոնայք, վերջապես սկսում է առաջին հստակ ուրվագծերը ստանալ նաեւ հայոց աշխարհում... Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, քանզի ճգնաժամին մասնակցությունը բիզնեսի լրջության եւ համաշխարհային տնտեսական գործընթացում դրա ներգրավվածության լավագույն հավաստագիրն է։ Չէ՞ որ եթե այս կամ այն խաղացողը ճգնաժամից դուրս է մնում, նշանակում է՝ նա դուրս է նաեւ համաշխարհային տնտեսությունից։ Այսինքն՝ իրենից ներկայացնում է խղճուկ փինաչի, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում իր ողորմելիության պատճառով։ Դրա համար էլ հայրենի գործարարները զվարճալիորեն ձեւացնում են, թե տառապում են ճգնաժամային ախտանիշներով, գերազանց հասկանալով, որ ճգնաժամով ախտահարված չլինելու խոստովանությունը ինքնասպանություն կլինի հեղինակության համար։ Թեեւ վերջին հաշվով զուր են ջանում։ Ճգնաժամ Հայաստանում լինել չի կարող։ Ճգնաժամն ու Հայաստանը երկու անհամատեղելի բաներ են»։

Այլ կարծիք ունի «Չորրորդ իշխանություն»-ը. - «Տնտեսական ճգնաժամի հետեւանքները Հայաստանի վրա ավելի ու ավելի խորությամբ են զգացվում: Բանն այն է, որ դեկտեմբերին «խոպանչիները» սովորաբար վերադառնում են, իսկ հիմա վիճակն այնպիսին է, որ նրանք ոչ միայն իրենց հետ ավելի քիչ գումար են բերում, այլեւ գարնանը գնալու տեղ չեն ունենալու: Առաջիկա մեկ-երկու ամիսներին, հասկանալի է, այդ ամենի ազդեցությունը շատ չի զգացվի (քանի դեռ փողը չի վերջացել), բայց փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում իսկապես անկանխատեսելի իրավիճակ կարող է ստեղծվել: Ընդ որում, ամենալուրջ գործոնը հենց այդ անկանխատեսելիությունն է. իշխանությունները պարզապես ամեն ինչ թողել են ինքնահոսի ու հույս ունեն, թե ժողովուրդը մի կերպ իր «գլխի ճարը կտեսնի»... Տարօրինակ է, բայց ամբողջ աշխարհում ճգնաժամը պետությունների ղեկավարներին ստիպում է մեղմացնել տնտեսական քաղաքականությունը, իսկ Հայաստանի իշխանությունները, հակառակը, օգտվում են այդ ճգնաժամից եւ է'լ ավելի են կատարելագործում թալանի մեխանիզմները: Ասվածի լավագույն ապացույցը տաքսիստների հետ կապված այս ամբողջ պատմությունն է»:

«Կապիտալ»-ը անդրադառնում է ճգնաժամի մեկ այլ ասպեկտի. - «Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել ներմուծվող ալկոհոլային խմիչքների եւ սիգարետի ակցիզային հարկը երեք անգամ բարձրացնելու մասին: «Զարմանալի» զուգադիպությամբ դրանք մեծ մասամբ այն պատգամավորներն են, որոնց անունները կապված են ալկոհոլային խմիչքների եւ սիգարետի արտադրության հետ... Առաջին հայացքից, պատգամավորների առաջարկության մեջ ոչ մի վատ բան չկա` ալկոհոլը եւ խմիչքը չեն դասվում մարդկանց լավագույն բարեկամների թվին: Սակայն պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը բնավ ուղղված չէ նրան, որ մարդիկ թողնեն ծխելը կամ ալկոհոլը չափավոր օգտագործեն: Ընդհակառակը` խորհուրդ է տրվում ավելի շատ խմել ու ծխել, քանի որ դրանից բյուջեն կշահի: Նրանց միակ մտահոգությունն այն է, որ Հայաստանի քաղաքացիները գնեն իրենց արտադրածը ներմուծվածի փոխարեն: Այլ կերպ, քան «օրենսդրական ցինիզմ» սա անվանել չի կարելի... Իրականում, գործող հարկային օրենսդրության պայմաններում տեղական արտադրողն արդեն ունի առավելություն ներմուծողի նկատմամբ: Սակայն, այնուամենայնիվ, մեր արտադրողներին ինչ-որ բան խանգարում է: Այլապես ինչով բացատրել, որ վերջին տարիներին անկում են ապրում տեղական օղու, գինու, գարեջրի, սիգարետի արտադրությունները»:

«168 ժամ»-ի հետ զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը բացահայտել է, թե մարտի 1-ի գիշերը դիպուկահար է գործել: Ինչպե՞ս կգնահատեք այդ փաստը»: Լրագրողի այս հարցին Հարությունյանը պատասխանել է. - «Թերահավատություն կար խորհրդարանական այդ հանձնաժողովի նկատմամբ, բայց այսպիսով նա ցույց տվեց, որ լուրջ քայլեր են արել: Համենայնդեպս, ես այստեղ ավելի լուրջ առաջընթաց եմ տեսնում, քան նախաքննական մարմինների մոտ: Մինչեւ հիմա ինձ համար հարցական է մնում, թե առավոտյան Ազատության հրապարակում ի՞նչ գործ ունեին հետախուզական մարմինները, դա քննիչների գործ էր: Ասում էին` զինվորական ուժերը երեկոյան են եկել, բա ցերեկը ժամը 11-ին ԲՏՌ-ը հրապարակում ի՞նչ գործ ուներ: Կամ քաղաքացիական հագուստով այդ մարդիկ այդտեղ ի՞նչ գործ ունեին... Նմանատիպ հարցերից մեկն էլ դա է: Ասում էին, թե դիպուկահար չկա, ու հանկարծ պարզվում է, որ կա... Ինձ համար ամենակարեւորը մարտի 1-ի առավոտյան դեպքերն են, թե ի՞նչ եղավ: Եթե տեղեկություն կար, թե զենք են կուտակում, ինչո՞ւ չգնացին ու չփորձեցին կանխել, սպասեցին կուտակվի, հետո գնացին ինչ-որ օպերացիա արեցին, որի իրավունքը չունեին»:

Իսկ «Իրավունք de facto»-ին հարցազրույց է տվել Արմեն Ռուստամյանը: «Դուք ձերբակալված տղաների ազատման հարցով հանդիպել, զրուցել, հորդորել եք երկրի նախագահին ազատ արձակել նրանց», - ասել էլ լրագրողը: Ռուստամյանը արձագանքել է. - «Ես ասել եւ հիմա էլ ասում եմ. ամենաճիշտ լուծումն այն է, որ հոդվածները, որոնք իրենց բնույթով քաղաքական մոտիվացիներին են առնչվում, այդ հոդվածներով պետք է համաներում հայտարարվի»: Հարցին, թե այդ տեսակետը փոխանցե՞լ է Սերժ Սարգսյանին, հետեւել է պատասխան. - «Այո, բազմիցս... Եվ մտածում են այդ մասին»: Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերում Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, Արմեն Ռուստամյանը պատասխանել է. - «Դա պետք է որոշի Ռոբերտ Քոչարյանը, եւ ես այդտեղ որեւէ արտառով բան չեմ տեսնում: Ի դեպ, ես կարծում եմ, որ նա չի էլ հեռացել, պարզապես որոշակիորեն պասիվ է, ինչն էլ բնական է, որովհետեւ հանգստանալու անհրաժեշտություն կա: Որեւէ նախագահ որեւէ նորմալ երկրում պաշտոնաթողությունից հետո ընդհանրապես չի հեռանում ասպարեզից. դա սխալ բան է»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG