Մատչելիության հղումներ

Հելսինկիում համատեղ հայտարարություն է ստորագրվել Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ


Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտգործնախարարները (ԱՄՆ-ի կողմից` պետքարտուղարի տեղակալը) երեկ Հելսինկիում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել, որով կոչ են արել կողմերին շարունակել աշխատանքը եւ առաջիկա ամիսներին վերջնական պայմանավորվածության հանգել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:

«Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի ունեցած հանդիպումը եւ նույն օրը ստորագրված հռչակագիրը նոր եւ խոստումնալից էջ բացեցին Կովկասում խաղաղություն հաստատելու մեր միասնական ջանքերում, եւ մենք կոչ ենք անում կողմերին հիմնվել այդ դրական առաջընթացի վրա», - նշված է համատեղ հայտարարության մեջ:

«Մենք պետք է հիմնվենք մոսկովյան հանդիպման արդյունքում արձանագրված առաջընթացի վրա», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցւոմ ասել է միջնորդական խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան եւ ընդգծել. - «Հիմնարար սկզբունքները պետք է վերջնականապես հստակեցվեն, եւ մենք հավատում ենք, որ դա տեղի կունենա շուտով»:

Համատեղ հայտարարությունը կոչ է անում կողմերին սկսել այդ սկզբունքների վրա հիմնված խաղաղության համաձայնագրի մշակումը:

«Հիմնարար սկզբունքները հնարավորություն են տալիս կողմերին համաձայնության գալ` հաշվի առնելով ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը, որը մեր մեկնակետն է, եւ ուժի չկիրառումը», - ընդգծել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Համատեղ հայտարարության մեջ կողմերին կոչ է արվում փոխադարձ վստահությունն ամրապնդող միջոցառումներ ձեռնարկել. ընդ որում, որպես այդ գործընթացի առաջին քայլ, միջնորդները մատնանշել են հակամարտության գոտուց դիպուկահարներին հեռացնելու անհրաժեշտությունը` անմեղ մարդկանց եւ զինվորների կյանքը փրկելու համար. - «Կողմերի համար հրամայական է միմյանց հետ, ինչպես նաեւ եռանախագահների եւ ԵԱՀԿ-ի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ համատեղ աշխատանքը` այս եւ այլ միջոցներով հրադադարի կայուն ռեժիմ ապահովելու համար»:

«Մենք վերահաստատում ենք մեր համոզվածությունը, որ այս հակամարտության համար չկա ռազմական լուծում, եւ կոչ ենք անում կողմերին վերադառնալ դրա խաղաղ կարգավորմանը», - ասված է համատեղ հայտարարությունում:

«Յուրաքանչյուր ոք հասկանում է, որ այս հակամատությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, ռազմական ճանապարհով հնարավոր չէ հասնել դրա լուծմանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է ամերկացի համանախագահ Մեթյու Բրայզան եւ հույս հայտնել, թե առաջիկա շաբաթներին կարող է կայանալ հերթական հանդիպումը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ մինչեւ համատեղ հայտարարության ստորագրումը Բեռնար Կուշները, Սերգեյ Լավրովը եւ Դենիել Ֆրիդը կարճատեւ հանդիպում են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:


Հեղինե Բունիաթյան, Պրահա եւ Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG