Մատչելիության հղումներ

Համաշխարհային ճգնաժամը Հայաստանում հարկերի հավաքագրման վրա «դեռեւս ազդեցություն չունի»


Համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը, Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, առայսօր ազդեցությություն չունի Հայաստանում հարկերի հավաքագրման վրա:

«Ծրագրավորված ծավալներով կատարվում է հարկերի հավաքագրումը: Այնպես որ առայսօր տնտեսական ճգնաժամը Հայաստանում հարկերի հավաքագրման վրա ազդեցություն դեռեւս չունի», - ասաց նախարարը:

Նրա խոսքով, հաջորդ տարի նախատեսված է «17,4 տոկոս հարկերի հարաբերակցություն համախառն ներքին արդյունքի նկատմամբ»:

Հաջորդ տարի ավելի շատ հարկեր հավաքելու նպատակով անգամ 40 տոկոսով բարձրանալու են հարկային մարմիններում աշխատողների աշխատավարձերը:

Գործարարները, սակայն, տարակուսանքով են ընդունում կառավարության մտադրությունը: Հայաստանի երկրորդ խոշոր հարկատուն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հարկերը, «բնական է, պետք է նվազեն»:

«Մոտավորապես ամենապակասը 20-25 տոկոս նվազեցում կլինի», - հավելեց նա:

«Թե ինչ ձեւով են հավաքվելու հարկերը, որոնց նախատեսված է նաեւ աճ, ես չեմ կարողանում հասկանալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Վահագն Խաչատրյանը: - «Պարզապես թվեր են, նկարել են»:

Նրա խոսքով, պետական բյուջեի բովանդակությունից հասկացվում է, որ նախագիծը գրվել էր այն ժամանակ, երբ ճգնաժամ չէր կանխատեսվում, իսկ այժմ իշխանությունները պարզապես «ալարում են» փոխել այն. - «Ամբողջ աշխարհը, մինչդեռ, տառապում է` ճանապարհներ են գտնում այս ճգնաժամից դուրս գալու: Բյուջեներ են կազմում տարբեր վերսիաներով: Նույն Ռուսաստանը երեք կամ չորս տարբերակով բյուջե ունի: Նույնիսկ Ադրբեջանը իր բյուջեն տարբեր սցենարներով է գրում: Մեր Հայաստանի Հանրապետությունում կա մի սցենար` ավելացնում ենք հարկերը, ճնշումը մեծացնում ենք տնտեսավարող սուբյեկտների վրա եւ հետո բարձր խոսում ենք` ունենք տնտեսական աճ, ունենք ցածր սղաճ, աշխատավարձի բարձրացում: Բայց դրա փոխարեն իրական կյանքում արդեն պրոբլեմներ ունենք»:

«Այսօր տնտեսության մեջ պետք է ուղղակի արտակարգ իրավիճակ հայտարարվի եւ դրան համապատասխան գործողություններ կատարվի», - եզրափակեց Վահանգ Խաչատրյանը:


Անուշ Մարտիրոսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG