Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը կառավարությանը հանձնարարել է պայքարել աշխատավարձերի ուշացման դեմ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկրի կառավարությանը հանձնարարել է հետեւել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով աշխատավարձերի վճարումների հետ կապված խնդիրներին եւ թույլ չտալ «90-ականների» իրավիճակի կրկնությունը:

Փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը, անդրադառնալով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով Ռուսաստանի տնտեսության կրած վնասներին եւ մի շարք ձեռնարկությունների կողմից աշխատավարձերի վճարումների ուշացման խնդրին, փոխվարչապետին հանձնարարել է` «առավելագույն ուշադրությամբ հետեւել աշխատավարձերի վճարումների հետ կապված իրավիճակին եւ թույլ չտալ այս ուղղությամբ պարտքերի կուտակումը»:

«Մենք 90-ականներին դա արդեն անցել ենք, եւ այժմյան իրավիճակում պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի այս կարգի խնդիրները մեր քաղաքացիների վրա չանդրադառնան: Եթե որեւէ տեղ [աշխատավարձերի ուշացման] խնդիր կառաջանա, պետք է քայլեր ձեռնարկել եւ պարտադրել, որ գումարները վճարվեն», - փոխվարչապետին կարգադրել է Ռուսաստանի նախագահը:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով Ռուսաստանում նաեւ գործազրկության աճ է արձանագրվել: Մոսկվայի զբաղվածության կենտրոնի տվյալների համաձայն, վերջին երեք շաբաթվա ընթացքում Մոսկվայում աշխատանքից զրկվել է 4 հազար 5 հարյուր մարդ, ինչը բազմիցս գերազանցում է 2007 թվականի ցուցանիշները: Ընդ որում` աշխատանքից առաջին հերթին հեռացվում են աշխատանքային միգրանտները:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG