Մատչելիության հղումներ

Արման Մուսինյան. «Կողմերն առաջիկա ամիսներին եւս մեկ քայլ առաջ կգնան»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքով, Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում «կողմերն առաջիկա ամիսներին եւս մեկ քայլ առաջ կգնան»:

«Մենք, իհարկե, կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում սկսվել է շատ արագացված պրոցես, եւ այն կհանգուցալուծվի սկզբունքների շուրջ շրջանակայային համաձայնագրի ստորագրմամբ», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մուսինյանը: - «Մոսկովյան հռչակագիրն ինքը արդեն որոշակի սկզբունքների շուրջ պայմանավորվածություն էր, որը սկիզբն էր: Առաջիկա ամիսներին, կարծում եմ, նաեւ կլինի եւս մեկ քայլ առաջ»:

Տեր-Պետրոսյանի խոսնակը հարկ համարեց ճշգրտել. - «Երբ մենք ասում ենք, որ հանգուցալուծումը մոտ է, մենք նկատի չունենք այն վերջնական մեծ պայմանագիրը, այլ այն պայմանագիրը, որը սահմանելու է, թե ինչ սկզբունքների հիման վրա է լուծվելու Ղարաբաղյան հակամարտությունը: Կարգավորման սկզբունքներն են դրանք մշակելու, այդ թվում նաեւ` տարածքների, հանրաքվեի եւ մնացյալ այլ կոմպոնենտների վերաբերյալ: Այդ պայմանագիրը ստորագրելուց հետո կողմերը, ըստ էության, անցնում են արդեն տեխնիկական դետալների մշակմանը եւ համաձայնեցրած են լինում բոլոր հիմնական բաղադրիչները»:

Արման Մուսինյանի խոսքով, ընդդիմության համար կարեւոր է լինելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, եւ Հայ ազգային կոնգրեսը սատարելու է ժողովրդի ցանկացած որոշումը:

«Ոտքի՞ կկանգնի Ղարաբաղի հասարակությունը ընդդեմ այս որոշման` մենք ոտքի կկանգնենք, սատար կկանգնենք Ղարաբաղի ժողովրդին: Կընդունի՞ Ղարաբաղի ժողովուրդը այս որոշումը` մենք ոչինչ չենք կարող անել, որովհետեւ Ղարաբաղյան հակամարտության հարցում մեր փիլիսոփայությունը հետեւյալն է եղել` համաձայնել նրան, ինչին համաձայն է Ղարաբաղի ժողովուրդը», - պարզաբանեց նա:

Մուսինյանի համոզմամբ, Ղարաբաղյան բանակցություններում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը ոչ թե հարցադրումներ է անում Ղարաբաղի համար առավելագույն օգուտներ ստանալու, այլ «իշխանության պահպանման եւ իր լեգիտիմության ճանաչման տեսանկյունից», «ինչի արդյունքում զիջվում են Հայաստանի շահերը»: Դրա վկայությունը, նրա խոսքով, Մոսկվայում ստորագրված հռչակագիրն է:

Հարցին, թե որն է Հայաստանի դիրքերը բանակցություններում ամրապնդելու` ընդդիմության տարբերակը, Արման Մուսինյանը պատասխանեց, թե դեռ հոկտեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանը երեք կարեւոր առաջարկ է արել իշխանություններին:

«Պետք է հասնել նրան, որ Լաչինի միջանցքը լինի բացառապես հայկական (կարեւոր չէ` հայաստանյան թե ղարաբաղյան) վերահսկողության տակ», - մանրամասնեց նա: - «Երկրորդը` պետք է հասնել նրան, որ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը չքննարկվի, քանի դեռ չճշտվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Եվ երրորդ` պետք է հասնել նրան, որ հանրաքվեի վերաբերյալ կետը լինի հնարավորինս հստակ սահմանված. երբ է անցկացվելու հանրաքվեն, ինչ հարցով, ով է անցկացնելու, որոնք են իրավական հետեւանքները»:

Ընդդիմությունը, ինչպես փոխանցեց Արման Մուսինյանը, դեռեւս չի պատրաստվում վերսկսել հանրահավաքները` նշելով, թե դրանով հնարավորություն են տալիս իշխանություններին «ավելի ուժեղ դիրքերից բանակցել Ղարաբաղի հարցում»:

Հանրահավաքները վերսկսելու ժամկետների մասին նա ասաց, թե այդ հարցի պատասխանը, ամենայն հավանականությամբ, կտան դեկտեմբերի 12-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի համաժողովի ընթացքում, որտեղ կներկայացվի նաեւ ընդդիմության հետագա ռազմավարությունը, Ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլը, երկրի տնտեսական վիճակը եւ այլն:

Իսկ մինչ այդ, Մուսինյանի խոսքով, իրենք ձեւավորում են հատուկ հանձնախմբեր, որոնց միջոցով «ընդլայնելու են իշխանությունների դեմ պայքարի դաշտը»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG