Մատչելիության հղումներ

Իրավապահները շարունակում են խոչընդոտել Եռաբլուրում հացադուլի անցկացումը


Իրավապահները երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան կրկին արգելել են Արցախյան պատերազմի մի խումբ վետերանների` բողոքի ակցիա անցկացնել Եռաբլուրում:

«Երեկ երեկոյան ժամը 10-11-ի սահմաններում ոմն գնդապետ, որը, իմ կարծիքով, պետն է եղել, մի քանի միլիցիոներներով եկան` գոռգոռալով, համարելով ինձ հանցագործ (որ թաղի ժողովուրդը բողոքում են, վախենում են), հանեցին ինձ... Հնար չկար մենակ այդքան մարդու հետ վիճելը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հացադուլավորներից նախկին հրամանատար Վարդան Մալխասյանը:

Այսօր առավոտյան արդեն ոստիկանները «հրմշտոցով հացադուլավորներին իջեցրել են Սուրբ Վարդանանց եկեղեցուց մի քանի տասնյակ մետր ներքեւ»:

Եռաբլուրի մուտքը այժմ փակում են երեք ոստիկանական մեքենա եւ մոտ 10 ոստիկաններից կազմված շղթան:

«Գիշերը նույնպես եկել-հանել են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հաշմանդամ ազատամարտիկ Արմեն Մանուկյանը: - «Առավոտ շուտ էլ եկան եւ այսպես «ցեպ տված»-կանգնած, ներս չեն թողնում»:

«Մեր ընկերների շիրիմներին չեն թողնում այցելել», - հուզված հավելեց Մանուկյանը: - «Ես չգիտեմ, այս ինչ ցնորքի տակ են ընկել սրանք, կամ ի՞նչ հրաման են կատարում, ո՞ւմ հրամանն է դա...»:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Գագիկ Ամիրջանյանը հրաժարվեց ձայնագրվել, սակայն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բերեց արդեն հնչեցված փաստարկները, թե` հացադուլավորները աղտոտում են եկեղեցին` հավելելով, թե «այլ պատճառներ էլ կան»:

Հացադուլավորները, մինչդեռ, համոզված են, որ ոստիկանները կատարում են իշխանությունների հրահանգը:

«Եվ զարմանում ենք, որ իշխանությունը նման միջոցներ է ձեռնարկում», - «Ազատութուն» ռադիոկայանին ասաց Վարդան Մալխասյանը` շարունակելով. - «Երբ մի կուսակցությանը, որ իշխանության գլուխ է եւ ունի ղեկավար պոստեր, այսօր հայտարարում է` ոչ մի թիզ հող, նրան բան չեն ասում, իսկ մենք անաղմուկ մեր բողոքն ենք հայտնում մեր կալանավորված ընկերների եւ քաղաքան [պատճառներով] հետապնդվողների եւ Արցախի հարցով, քանի որ մենք Արցախի համար արյուն ենք տվել... մեզ այսպիսի դաժան պատիժների են ենթարկում»:

Օրվա երկրորդ կեսին հացադուլավորներին այցելել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչները:

Հացադուլավորներից Մերուժան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հացադուլը, ինչպես նախատեսվում էր, կավարտվի վաղը կեսօրից հետո, իսկ հետագա գործողությունների մասին կհայտնեն լրացուցիչ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG